Արարատի մարզում 44-ամյա վարորդը Niva-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել պարսպին․ նա մահացել է

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 27, 24News

58319e03-375a-4bb4-bedf-e3036a78bf31.jpg

Այսօր՝ հունվարի 27-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 13։15-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության Արարատի մարզային վարչություն ահազանգ է ստացվել, որ «Արարատ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը ահազանգով մեկնել է Արարտում հայտնի «տեխասմոտրի» մոտ «Բուռավոյի ճանապարհ», որտեղ Niva մակնիշի ավտոմեքենայում հայտնաբերել են տղամարդու դի։ Հայտնում է Shamshyan.com-ը։

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ ժամը 13։00-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ 44-ամյա Կարեն Հ․-ն իր վարած VAZ 2121 մակնիշի ավտոմեքենայով Արարատ քաղաքի Մ․ Գորգիսյան փողոցից դեպի Արարատ քաղաքի «Շիֆեռի գործարան» տանով ճանապարհի ձախակողմյան հատվածի երթևեկելի մասից դուրս է եկել և բախվել «Պանելի գործարանի» պատին։

Ժամանած բժիշկներն արձանագրել են վարորդի մահը։

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ։

Տեղում տարածքը սահմանազատել և ուժեղացված ծառայություն են կատարել նույն վաշտի ավագ տեսուչներ Վաչե Թովմասյանն ու Միշա Հակոբյանը։

Վթարի փաստով Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։ 

Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենան տեղափոխվել է Ոստիկանության Արարատի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ 

Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի պատճառը, հնարավոր է՝ վարորդի ինքնազգացողության վատացումն է եղել։ 
​​​​​​​
--00—ԶՀ