Կոչ եմ անում Ադրբեջանի կառավարությանը կյանքի կոչել հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 15, 24News

Screenshot 2022-12-15 150357

Եվրախորհրդարանի պատգամավոր, Հարավային Կովկասի հետ կապերի պատվիրակության նախագահ Մարինա Կալյուրանդը խորը մտահոգություն է հայտնել Ադրբեջանի գործողությունների առնչությամբ, որի պատճառով արդեն մի քանի օր է՝ փակ է Լաչինի միջանցքը և կտրված է Արցախի կապն աշխարհի հետ։

Կալյուրանդի հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է․

«Խորապես մտահոգված եմ Լաչինի միջանցքում Ադրբեջանի իշխանությունների և ենթադրյալ բնապահպան ցուցարարների գործողությունների առնչությամբ դեկտեմբերի 3-ին, ապա արդեն դեկտեմբերի 12-ից սկսած, ինչի հետևանքով փակ է Լեռնային Ղարաբաղն ու Հայաստանն իրար կապող ճանապարհը, որը կենսական մատակարարման գիծ է տարածաշրջանի հայ բնակչության համար։

Ավելին, Ադրբեջանի կողմից վերահսկվող տարածքով անցնող գազատարի միջոցով Լեռնային Ղարաբաղին գազի մատակարարման հաղորդվող խաթարումը մեծագույն մտահոգության առիթ է և ավելացնում է լուրջ հումանիտար հետևանքների ռիսկը»։

Մարինա Կալյուրանդը հիշեցրել է, որ Լաչինի միջանցքով անվտանգ տեղաշարժը երաշխավորված է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ։ «Կոչ եմ անում Ադրբեջանի կառավարությանը կյանքի կոչել հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները և զերծ մնալ գործողություններից ու հռետորաբանությունից։

Եվս մեկ անգամ ընդգծում եմ համապարփակ խաղաղության համաձայնագրի անհրաժեշտությունը, որը պետք է Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության իրավունքների ու անվտանգության ամուր երաշխիքներ տա։ Կոչ եմ անում ամենաբարձր մակարդակով շուտափույթ կերպով վերականգնել բանակցությունները՝ ԵՄ միջնորդությամբ և դեէսկալացիայի ենթարկել իրադրությունը»,- հայտարարել է Կալյուրանդը։

--00—ՅՄ