ՌԴ 63-ամյա քաղաքացին Mercedes-ով մխրճվել է երկաթե էլեկտրասյան մեջ․ կան վիրավորներ

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 13, 24News

ֆ

 Այսօր՝ հոկտեմբերի 14-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00։15-ի սահմաններում ՌԴ քաղաքացի 63-ամյա Յուրի Դերյագինը իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Թբիլիսյան խճուղում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել հանդիպակաց  երթևեկելի գոտի և բախվել երկաթե էլեկտրասյանը։ Այս մասին հայտնում է Shamshyan-ը։

Վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի 2-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի գլխավորությամբ։

Տեղում ուժեղացված ծառայություն են կատարել նույն վաշտի պարեկ Աղասի Պողոսյանն ու կրտսեր պարեկ Անդրանիկ Սաֆարյանը։ Ժամանել են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Երևանի թիվ 5-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։  Փրկարարները ավտոմեքենան հատուկ տեխնիկայի միջոցով հեռացրել են էլեկտրասյան վրայից, ապա տեղափոխել անվտանգ վայր։

Վթարի մասին Պարեկային ծառայության Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Թադևոսյանի, բաժնի պետի տեղակալ Գրիգոր Ավետիսյանի և քննիչ Վահե Գրիգորյանի գլխավորությամբ։ Վթարի փաստով՝ Վ․ Գրիգորյանի կողմից նախաձեռնվել է վարույթ։ 

Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են վիրավորների ինքնութունը։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել նաև Երևանի քաղաքապետարանի «Երքաղլույսի» ներկայացուցիչները, որպեսզի իրենից վտանգ ներկայացնող էլեկտրասյունը փոխեն նորով։  Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենան տեղափոխվել է Պարեկային ծառայության Երևանի գնդի պահպանվող հատուկ տարածք։

--00—ԱՊ