Եթե հայկական կողմից առաջարկ, դիվանագիտական աշխատանք չկա, զարմալի չէ՝ Ադրբեջանի օրակարգն է գերիշխելու

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10, 24News

Ս

Ճիշտ է խնդիրների մասին բարձրաձայնելը, իսկ եթե Ռուսաստանի Դաշնության հետ է կապված, պետք է ասել ՌԴ պաշտոնյաներին, այլ բան է, թե ինչ նպատակ ունի դժգոհություն արտահայտելը։ Այս մասին 24News-ին ասաց «Կովկաս» ինստիտուտի ավագ գիտաշխատող, քաղաքագետ, տնտեսագետ Հրանտ Միքայելյանը՝ անդրադառնալով ՀՀ իշխանությունների՝ ՀԱՊԿ-ի մասով դժգոհության արտահայտմանը։

Եռօրյա պաշտոնական այցով Մոսկվա ժամանած Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպել էր Ռուսաստանի Դաշնության Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի հետ և դժգոհություն հայտնել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության մասին։ «ՀԱՊԿ-ը չի կարողացել իր անդամներից մեկի դեմ ագրեսիային արձագանքել օպերատիվ և արդյունավետ», - ըստ ԱԺ մամուլի ծառայության՝ այսպես էր ասել Ալեն Սիմոնյանը։ 

Քաղաքագետ Հրանտ Միքայելյանի խոսքերով՝ եթե դժգոհության արտահայտման նպատակն այն է, որ հետագայում ՀԱՊԿ-ը ճիշտ արձագանքի, պարտավորությունները կատարի, ապա ճիշտ է, եթե այլ աշխարհաքաղաքական նպատակ է հետապնդում, ապա սխալ է, ՀԱՊԿ-ի մասով կա նաև ՀՀ իշխանությունների թերացումը։ 

«Եթե կան խնդիրներ, ապա պետք է նաև ասվի ՀԱՊԿ-ի մակարդակով։ Մեր որոշ գործընկերներ դաշնակցային պահվածք չեն ցուցաբերում, ընդհակառակը, վեր են դասում իրենց թյուրքական, մուսուլմանական ծագումը։ Պետք է օրակարգ առաջարկել։ Այս պահի դրությամբ Ադրբեջանի օրակարգը հետևյալն է՝ սահմաններում սրացումները տեղի են ունենում, որովհետև սահմանները գծանշված չեն, պետք է ճանաչել ադրբեջանական ագրեսիայի հետևանքով դելիմիտացիան։ Խնդրի լուծումն այսպես Ադրբեջանն առաջարկում է նաև Ռուսաստանին։ Քանի որ Հայաստանից որևէ օրակարգ, առաջարկ չկա, այսինքն՝ նախապատրաստված դիվանագիտական աշխատանք, ապա ադրբեջանական օրակարգը (նաև հաշվի առնելով Ադրբեջանի լրացուցիչ, տնտեսական հարաբերությունները) գերիշխող, ավելի ընդունելի է դառնում մեր գործընկերների համար։ Պետք է նախապես աշխատանք տարվի, որ մեր դիրքորոշումը պարզ լինի՝ Ադրբեջանը պատրաստվում է նոր պատերազմի, նրա նպատակը խաղաղությունը չէ։ Եթե աշխատանք չի արվում, պետք չէ զարմանալ, որ ուրիշները մեզ չեն հասկանում։ Այս չհասկանալու խնդիրը պետք է լուծվի», - պարզաբանեց «Կովկաս» ինստիտուտի ավագ գիտաշխատողը։

Հարցին՝ ՀԱՊԿ-ի պահվածը կարո՞ղ է պայմանավորված լինել նրանով, որ հայաստանյան կողմը փորձում է նաև Արեւմուտքին ներգրավել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացում, Միքայելյանը պատասխանեց, որ դա ակնհայտ է, նման մեդիաքաղաքականություն է իրականացվում, և ոչ միայն։ 

«Մեզ համար հիմա կարևոր է, թե ով կարող է Հայաստանը և Արցախը պաշտպանել։ Եթե Ռուսաստանը չի կարող, իսկ Արևմուտքը կարող է դա անել, խնդիր չեմ տեսնում։ Ուրիշ բան, կարո՞ղ է Արեւմուտքը դա անել, այստեղ էլ է պետք լուրջ դիվանագիտական աշխատանք։ Պետք է Արևմուտքին մեր խնդիրները հայտնել, պետք է մեր հետաքրքրությունների առարկան ներկայացել։ Պետք է փորձենք այն բոլոր մեխանիզմները, որոնցով հնարավոր կլինի Հայաստանի անվտանգությունն ապահովել, այդ թվում՝ ճանապարհների, բնակավայրերի անվտագությունը, Արցախի ժամանակավոր կարգավիճակի, հուշարձանների պահպանության հարցը և այլն։ Գուցե Արևմուտքը հետաքրքրություն ցուցաբերի։ Բայց պետք է դեռ ասեմ, որ լավ առաջարկ չկա։ Դրա համար ես ասում եմ, որ պետք է դիվանագիտական աշխատանք իրականացվի», - եզրափակեց քաղաքագետը։

 

Սերգեյ Առաքելյան

--00—ԱՊ