ԼՂ հարցում Արևմուտքը և ՌԴ-ն առճակատման վճռական փուլ են մտել, ով հաղթի՝ կթելադրի պայմանագրի տեքստը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 13, 24News

Հեռու եմ այն մտքից, որ հունիսի 12-ին Վաշինգտոնում կայանալիք բանակցություններն Ադրբեջանը հետաձգել է էրդողանի՝ Բաքու կատարած այցով պայմանավորված: էրդողանը Բայրամովին կներեր, եթե նա իր այցելության ժամանակ Վաշինգտոնում լիներ, քանի որ թուրք-ադրբեջանական տանդեմի համար կարևոր բանակցություններ են ընթանում:

Այստեղ արմատները խորն են, Ադրբեջանը ակնհայտորեն սպասում է, թե ինչ է լինելու ուկրաինական ճակատում, չի ցանկանում վատ հարաբերություններ ունենալ ՌԴ-ի հետ, նա գիտի՝ տարածաշրջանում իրավիճակն այնպիսին է, որ եթե պայմանագիր ստորագրվի, ինչը Ռուսաստանի ու Իրանի համար ընդունելի չլինի, դա չի աշխատելու: Այս մասին 24TV-ի հաղորդման ժամանակ ասաց միջազգայնագետ Գրիգոր Բալասանյանը:

Միջազգայնագետի կարծիքով, Վաշինգտոնը հասկացել է, որ խաղաղության պայմանագիրը հեռու գնացող ճանապարհ չէ և իմիտացիա է ստեղծում, որ իրենք ևս պրոցեսի մեջ են. «ՌԴ փոխարտգործնախարարն ասաց, որ դեմ չեն՝ Արցախի հարցում այլ խաղացողներ բանակցային գործընթացին միանան, բայց դա պետք է արժեք ունենա, ոչ թե իրենց պրոցեսից դուրս թողնեն: Կարծում եմ, Արցախյան հարցում Արևմուտքը և Ռուսաստանը առճակատման վճռական փուլ են մտել և ով հաղթի՝ նա կթելադրի ապագա խաղաղության պայմանագրի իր տեքստը»:

Ինչ վերաբերում է օկուպացված Շուշիում թուրքական հյուպատոսություն բացելու Էրդողանի առաջարկին, ապա Բալասանյանը նկատեց, որ Էրդողանը, Շուշիում հյուպատոսություն բացելով, աշխարհին ու Հայաստանին ուզում է ասել՝ մոռացեք Շուշիի մասին, այն թուրքական է, ոչ թե ադրբեջանական: Բայց Ալիևը նման քայլի չի գնա, քանի որ դա ռուսական կողմի հետ խնդիր կառաջացնի, որովհետև Շուշին ու Հադրութը Խորհրդային Ադրբեջանի օրենքներով ԼՂ ինքնավար մարզի մաս են և համարվում են օկուպացված, Ալիևը հասկանում է, որ ինքն է ապրում այս տարածաշրջանում, լարվածության դեպքում ինքն է պատասխան տալու:

Մանրամասները՝ տեսանյութում:

Հերմինե Միքայելյան

-00—ԱՊ