Սպորտինգի նախագահը ներողություն էր խնդրում՝ Երևանում ֆուտզալի ՉԼ-ի անցկացմանը դեմ լինելու համար

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 6, 24News

9cffccdb193eacb7f170e3ebc5a4f632-1-750x375

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն ամփոփել է Երևանում անցկացված ֆուտզալի Չեմպիոնների լիգայի եզրափակիչ փուլը, հայտնում է ԿԳՄՍՆ պաշտոնական կայքը:

«Վստահաբար կարող ենք ասել, որ այն ստացված միջոցառում էր, իսկ ՀՀ կառավարության կողմից կատարված ներդրումները միանգամայն արդարացված էին: Տրիբունաներում ավելի քան 5 հազար հանդիսականի ներկայությունն էլ վկայությունն էր այն բանի, որ Հայաստանում հատկապես խաղային մարզաձևերից մասշտաբային մրցաշարի կարոտ կա: Եզրափակիչը ֆանտաստիկ հետաքրքիր էր: Հատկապես ուրախալի էր, որ Հայաստանի ազգային հավաքականի դարպասապահ Լուան Մյուլլերն իր կարևոր ներդրումն ունեցավ «Պալմայի» չեմպիոնության հարցում, իսկ խաղից հետո հայկական եռագույնով դուրս եկավ խաղադաշտ»,- ասում է ԿԳՄՍ նախարարի տեղակալը:

Փոխնախարարը հիշեցնում է՝ ՀՀ կառավարությունն ավելի վաղ շուրջ 280 մլն դրամ էր հատկացրել ՈՒԵՖԱ-ի ֆուտզալի Չեմպիոնների լիգայի եզրափակիչ մրցաշարի անցկացման նպատակով: Եվս 116 մլն դրամ էլ տրամադրվել էր Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրին՝ շենքի մասնակի նորոգման աշխատանքների և հարակից ծառայությունների, ինչպես նաև գույքի ձեռքբերման նպատակով։

Ֆուտզալի Չեմպիոնների լիգայի անցկացման նպատակով ձեռք է բերվել ՈՒԵՖԱ-ի չափանիշներին համապատասխան բարձրակարգ ցուցատախտակ, որից հետագայում կկարողանան օգտվել բոլոր մարզաձևերի ներկայացուցիչները՝ միջազգային մրցաշար անցկացնելու ժամանակ։ Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում նաև բարեկարգման աշխատանքներ են կատարվել. մասնավորապես՝ թարմացվել է լուսավորման համակարգը, նորոգվել են հանդերձարանները:

Կարեն Գիլոյանի խոսքով՝ կատարված աշխատանքները կծառայեն նաև ապագա միջոցառումների համար:

«Հատկացված պետական միջոցների մեծ մասն ուղղվել է գույքի ձեռքբերմանը և ենթակառուցվածքների բարեկարգմանը: Աշխատանքներն արվում են Երևանն ու Հայաստանն աշխարհին ցույց տալու, մեր երկրի հանրահռչակման և ճանաչման համար: Անչափ կարևոր են նաև այս միջոցառումների միջոցով փոխանցված դրական հույզերը»,- փաստում է Կարեն Գիլոյանը:

Անդրադառնալով միջազգային գործընկերների արձագանքներին՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալը նշում է` նրանք տպավորված են Երևանում ֆուտզալի Չեմպիոնների լիգայի անցկացմանը կազմակերպական մակարդակից. «Նրանք կարծում էին, թե տրիբունաները դատարկ են լինելու, բայց եզրափակիչ խաղին ավելի քան 5 հազար հանդիսական էր հետևում, ինչը բավականին լուրջ թիվ է այն դեպքում, երբ տվյալ երկրի ներկայացուցիչները հանդես չեն գալիս մրցաշարում: Վստահ եմ՝ եթե հայկական թիմ լիներ եզրափակչում, ազատ տեղեր չէինք ունենա: «Սպորտինգ» ակումբի ներկայացուցիչը և մյուսները ներողություն էին խնդրում, որ քննարկումների ժամանակ մտահոգություններ էին հնչեցրել Հայաստանում մրցաշարի կազմակերպման հետ կապված»:

--00—ՅՄ