Պատերազմին ներգրավված և վնասված 11 տրանսպորտային միջոցների համար 53,9 մլն դրամի փոխհատուցում կտրվի

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 16, 24News

default (1).jpg

Կառավարությունն իր այսօրվա՝ սեպտեմբերի 16-ի նիստում որոշեց ռազմական դրության ժամանակ ռազմատրանսպորտային պարտականություն ունեցող մարմիններին պատկանող տրանսպորտային միջոցների ներգրավման ժամանակահատվածում տրանսպորտային միջոցներին հասցված նյութական վնասի դիմաց ֆիզիկական և իրավաբանական անձանց 53,9 մլն դրամի փոխհատուցում տրամադրել:

Որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է 2020 թվականին հայտարարված ռազմական դրության և զորահավաքի շրջանակներում ներգրավված տրանսպորտային միջոցներին հասցված նյութական վնասի դիմաց սեփականատերերին համարժեք փոխհատուցում տրամադրելու անհրաժեշտությամբ:

2020 թվականին հայտարարված ռազմական դրության և զորահավաքի շրջանակներում ռազմատրանսպորտային պարտականություն ունեցող մարմիններից ներգրավվել են տրանսպորտային միջոցներ, որոնց ռազմական գործողությունների ժամանակ հասցվել է վնաս: «Գույքի գնահատման և աճուրդի կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից գնահատման արդյունքներով դրական եզրակացություն է կայացվել թվով 11 ֆիզիկական և իրավաբանական անձանց փոխհատուցում տրամադրելու վերաբերյալ՝ ընդհանուր 53.922,1 ՀՀ դրամ չափով (11 տրանսպորտային միջոցներից 4-ն ընդհանրապես ոչնչացված են և առկա չեն, 7-ը վնասված վիճակով վերադարձվել են սեփականատերերին և կարող են օգտագործվել նպատակային նշանակությանը համապատասխան): Միաժամանակ, անհրաժեշտություն է առաջացել համապատասխան գումարը ՀՀ պաշտպանության նախարարությանը հատկացնել ՀՀ կառավարության 2022 թվականի պահուստային ֆոնդից:

Որոշման նախագծի համաձայն հաստատվում են տրանսպորտային միջոցների սեփականատերեր հանդիսացող թվով 11 ֆիզիկական և իրավաբանական անձանց տրամադրվող փոխհատուցումների չափերը:

--00—ԶՀ