Կրակոցներ՝ Ղազարավանում․ 3 հոգի հրազենային վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 26, 24News

կրակոց

Հուլիսի 26-ին կրակոցներ են հնչել Արագածոտնի մարզում։ Ժամը 02։40-ի սահմանում «Աշտարակ» բժշկական կենտրոնից ոստիկանության Աշտարակի բաժին ահազանգ է ստացվել, որ «ստորին ծայրանդամների մակերեսային, կետային բազմակի վերքեր» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի, գրում է shamshyan.com-ը։

Ըստ աղբյուրի՝ հիվանդանոց մեկնած ոստիկանները պարզել են, որ վիրավորը Արագածոտնի մարզի Ղազարավան գյուղի բնակիչ 52-ամյա Վարդուհի Հակոբյանն է։

Նույն պահին «աջ ոտնաթաթի կետային բազմակի վերքեր» ախտորոշմամբ հիվանդանոց է տեղափոխվում ևս 1 քաղաքացի։ Տեղում ոստիկանները պարզում են, որ նա նույն գյուղի բնակիչ 28-ամյա Գոռ Հակոբյանն է։

Մինչ ոստիկանները պարզում էին դեպքի հանգամանքները, ժամը 3-ին «Աշտարակ» ԲԿ է տեղափոխվում «ձախ այտի քերծվածքներ» ախտորոշմամբ մի քաղաքացի։ Աշտարակի ոստիկանները պարզում են, որ նա նույն գյուղի բնակիչ 30-ամյա Գնել Հակոբյանն է։ 

Մինչ բժիշկները վիրավորների բուժումն էին կազմակերպում, ոստիկանները պարզում են, որ ժամը 02։00-ի սահմանում Ղազարավան գյուղի 1-ին փողոցի 7-րդ փակուղում նույն գյուղի բնակիչ 26-ամյա Տիգրան Սարգսյանը և Աշտարակ քաղաքի բնակիչ 28-ամյա Գուրգեն Մովսիսյանը վիճաբանել են միմյանց հետ, որի ժամանակ Գ․ Մովսիսյանը իր բարեկամին պատկանող ԻԺ-43 տեսակի 16 մմ տրամաչափի հրազենով կրակում է Տ․ Սարգսյանի ուղղությամբ, ապա, հետապնդելով նրան, գյուղի 1-ին փողոցի 7-րդ փակուղում կրկին կրակում է նրա ուղղությամբ, ինչի հետևանքով Վարդուհի, Գոռ և Գնել Հակոբյանները ստանում են հրազենային տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։

Ոստիկանները դեպքի վայրի զննությամբ հայտնաբերում են կրակված պարկուճներ, ինչպես նաև հանցագործության գործիք հանդիսացող հրազենը։ 

Ոստիկանները հայտնաբերել են Տ․ Սարգսյանին և նրան ներկայացրել են Արագածոտնի մարզային քննչական վարչություն։ Ձեռնարկվում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումներ Գ․ Մովսիսյանին հայտնաբերելու ուղղությամբ։  

--00—ԼՄ