Հայաստանի դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել Ալբանիայի նախագահին

ԵՐԵՎԱՆ, ՀՈԻՆԻՍԻ 7, 24News

․

Ալբանիայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանն Ալբանիայի Հանրապետության նախագահ Իլիր Մետային այսօր՝ հունիսի 7-ին, հանձնել է իր հավատարմագրերը:

Պաշտոնական արարողությանը հաջորդած հանդիպման ընթացքում Ալբանիայի նախագահը շնորհավորել և հաջողություն է մաղթել ՀՀ դեսպանին՝ վստահություն հայտնելով, որ իր ջանքերը կներդնի երկկողմ հարաբերությունների առավել զարգացման գործում:

Դեսպան Տիգրան Մկրտչյանը նշել է, որ երկու երկրները փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցություն հաստատելու մեծ ներուժ ունեն և հույս հայտնել, որ մոտ ապագայում հայ-ալբանական համագործակցության օրակարգն ավելի կընդլայնվի, կդրվեն երկկողմ իրավապայմանագրային դաշտի հիմքերը: Միաժամանակ դեսպանը նշել է, որ իր գործունեության առանցքում լինելու են ոչ միայն քաղաքական և տնտեսական հարաբերությունների խորացումը, այլ նաև մշակութային և գիտակրթական ոլորտներում առկա ներուժի կիրառումը։

Այդ համատեքստում դեսպանն ընդգծել է, որ Ալբանիայի մայրաքաղաքում «Թումո Տիրանայի» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի գործունեությունն իր ուրույն դերակատարությունն ունի` ինչպես երկու երկրների միջև գիտական և տեխնոլոգիական ոլորտում համագործակցության, այնպես էլ երկու երկրների երիտասարդության, ապագա սերունդների կապերի ամրապնդման գործում:

Զրուցակիցները գոհունակությամբ արձանագրել են բազմակողմ ձևաչափում առկա փոխադարձ աջակցությունը։

Նախագահ Իլիր Մետան հաջողություններ է մաղթել դեսպան Մկրտչյանին Ալբանիայում դիվանագիտական առաքելության իրականացման գործում և արտահայտել իր աջակցությունն այդ առաքելությանը: Ալբանիայի նախագահը նաև կարևորել է Ալբանիայի հայ համայնքի դերը` երկու երկրների միջև բարեկամական կապերի ամրապնդման գործում:

--00--ԱՀ