Էստոնիայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենը հանձնեց ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 7, 24News

․

Դեկտեմբերի 7-ին ԱԳ նախարարի տեղակալ Ավետ Ադոնցն ընդունեց Էստոնիայի նորանշանակ դեսպան Ռինա Կալյուրանդին (նստավայրը՝ Թբիլիսի)՝ հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ։

ԱԳ նախարարի տեղակալը շնորհավորեց Ռինա Կալյուրանդին պատասխանատու առաքելությունը ստանձնելու կապակցությամբ և վստահություն հայտնեց, որ նորանշանակ դեսպանն իր ավանդը կունենա հայ-էստոնական բարեկամական հարաբերությունների ամրապնդման և երկկողմ օրակարգն առավել ընդլայնելու գործում:

Շնորհակալություն հայտնելով ջերմ բարեմաղթանքների համար՝ դեսպան Կալյուրանդին Ավետ Ադոնցին փոխանցեց Էստոնիայի ԱԳ նախարար Ուրմաս Ռեինսալուի ողջույնները: 

Զրուցակիցները մտքեր փոխանակեցին երկկողմ օրակարգին առնչվող հարցերի շուրջ՝ առանձնակի շեշտելով առևտրատնտեսական, տեղեկատվական տեխնոլոգիաների, շրջակա միջավայրի ոլորտում առկա ներուժի լիարժեք կիրառման ուղղությամբ համատեղ քայլերի ձեռնարկման անհրաժեշտությունը։ Կողմերն անդրադարձան ՀՀ-ԵՄ համագործակցության հեռանկարների հետ կապված հարցերին:

ԱԳ նախարարի տեղակալը դեսպանին համապարփակ տեղեկատվություն հաղորդեց թուրք-ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Արցախում ստեղծված իրավիճակի և առաջացած հումանիտար ճգնաժամի մասին: Վերջինս այս առնչությամբ կարևորեց միջազգային հանրության հնարավորինս լայն աջակցությունը: 

Էստոնիայի նորանշանակ դեսպանը հույս հայտնեց, որ ԼՂ հիմնախնդրի շուրջ բանակցությունները կշարունակվեն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում: 

ԱԳ նախարարի տեղակալն ու Էստոնիայի դեսպանը մտքեր փոխանակեցին նաև տարածաշրջանային և միջազգային հարցերի շուրջ։ 

--00--ԱՀ