ՍԴ դիմելու վերաբերյալ միջնորդության քննարկումն ավարտվեց․ դատական ակտը կհրապարակվի մարտի 2-ին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 1, 24News

Աննա Դանիբեկյան

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, մի քանի ժամ տևած ընդմիջումից հետո շարունակեց քննել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանի՝ ՍԴ դիմելու միջնորդությունը։ 
 
Նախագահի պաշտպան Արամ Օրբելյանն ասաց, որ դատավարության շրջանակներում լրջագույն խնդիր է առաջանում, երբ որ ներկայացված մեղադրանքը կառուցված է որոշակի ընդհանրական ձևակերպումների հիման վրա։ Նախորդ նիստերին դատարանը հստակ արձանագրել է, որ  մեղադրանքի պարաաբանման գործիք չունի, առաջարկել է դա անել դատախազներին, բայց վերջիններս հրաժարվել են։  
 
Օրբելյանը հիշեցրեց, որ մեղադրանքի պարզաբանված լինելու իրավունքը մարդու հիմնարար իրավունքներից է, և Սահմանադրությամբ ամրագրված է, որ պետք է լինեն նաև այդ իրավունքների իրացման կառուցակարգեր։  
 
«Եթե դատարանը ցանկանում է իրացնել այդ իրավունքը, բայց չունի կառուցակարգ և  արձանագրում է, որ դրա բացակայությունը խոչընդոտում է դատարանին, ուրեմն առկա է իրավունքի բաց։ Տվյալ դեպքում հարց է առաջանում՝ արդյո՞ք Սահմանադրությանը համապատասխանում է այն իրավիճակը, երբ դատարանը նման իրավունք չունի», - նշեց պաշտպանը։ 
 
Արամ Օրբելյանը նույնպես միացավ Հայկ Ալումյանի միջնորդությանը՝ պնդելով, որ դատարանը պետք է դիմի ՍԴ։ Պաշտպանն ավելացրեց, որ դատարանի համապատասխան որոշման դեպքում կարելի է նաև խնդրել ՍԴ-ին գործի քննությունն իրականացնել ավելի սեղմ ժամկետներում։ 
 
Միջնորդության քննությունն ավարտվեց։ Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ դատական ակտ կայացնելու, որը կհրապարակվի մարտի 2-ին՝ ժամը 13։00-ին։

--0--ԱՀ