Փաշինյանն Իրանի նախագահին հրավիրել է Հայաստան

ԵՐԵՎԱՆ,  ՓԵՏՐՎԱՐԻ 11,  24 News

Փաշինյան

 

Վարչապետը շնորհավորական ուղերձներ է հղել Իրանի նախագահին՝ Իսլամական հեղափոխության հաղթանակի 43-ամյակի առթիվ

Իրանի նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսիին ուղղված ուղերձում նշված է.

«Ձերդ Գերազանցություն, 

Սրտանց շնորհավորում եմ Ձեզ և Իրանի ժողովրդին՝ Իսլամական հեղափոխության հաղթանակի 43-րդ տարեդարձի կապակցությամբ։

Հայաստանի Հանրապետությունում բարձր ենք գնահատում բազմադարյա պատմություն ունեցող և փոխադարձ հարգանքի վրա խարսխված հայ-իրանական ջերմ ու բարիդրացիական հարաբերությունների բնականոն զարգացումը։ 

Ուրախությամբ պիտի փաստենք, որ այս տարի նշում ենք մեր երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը, որի ընթացքը նշանավորվել է տարբեր ոլորտներում ունեցած ձեռքբերումներով և համագործակցության հեռանկարի ընդլայնմամբ։

Կարևորելով ՀՀ և ԻԻՀ նպատակաուղղվածությունը տարածաշրջանում խաղաղության և կայունության ամրապնդման գործում՝ վերահաստատում եմ Հայաստան այց կատարելու Ձեզ հասցեագրված պաշտոնական հրավերը՝ քննարկելու երկկողմ օրակարգի հարցերը:

Համոզված եմ, որ համատեղ ջանքերի շնորհիվ հանձնառու կլինենք հայ-իրանական բարձր մակարդակի միջպետական հարաբերությունների խորացմանը, և մեր համագործակցության բազմատարր օրակարգն առավել կընդլայնվի՝ ի բարօրություն մեր ժողովուրդների և երկրների։

Առիթը պատեհ համարելով՝ մաղթում եմ Ձեզ արևշատություն և քաջառողջություն, իսկ Իրանի բարեկամ ժողովրդին՝ բարօրություն և անխաթար խաղաղություն։ 

Ընդունեք խնդրեմ, Ձերդ Գերազանցություն, խորին հարգանքիս հավաստիքը»:

--00—ՄՀ