Խնդիրները պետք է անպայման տարածաշրջանի երկրների պատասխանատուների միջոցով լուծվեն.Ռայիսին՝ Փաշինյանին

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 1, 24News

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարճատև աշխատանքային այց է կատարել Իրանի Իսլամական Հանրապետություն, որտեղ, ինչպես արդեն հայտնել ենք, հանդիպել է երկրի նախագահ Էբրահիմ Ռայիսիի հետ:

Հանդիպումից հետո Հայաստանի և Իրանի առաջնորդները ԶԼՄ ներկայացուցիչների համար հանդես են եկել բանակցությունների արդյունքներն ամփոփող հայտարարություններով:

Էբրահիմ Ռայիսին նշել է. «Բարի գալուստ եմ մաղթում Հայաստանի Հանրապետության մեծարգո վարչապետին և իրեն ուղեկցող պատվիրակության անդամներին: Կասկած չունեմ, վստահ եմ, որ պարոն վարչապետի այցելությունը կնպաստի երկկողմ հարաբերությունների հետագա զարգացմանը:

Հարևանության քաղաքականությունը մեր գլխավոր քաղաքականություններից է, և այս ամիսների ընթացքում մի քանի հանդիպումներ ենք ունեցել պարոն Փաշինյանի հետ: Այդ հանդիպումների և այսօրվա այցի ընթացքում մենք շեշտել ենք երկու երկրների միջև կապերի զարգացման կարևորությունը՝ հատկապես տնտեսական, առևտրաշրջանառության, քաղաքական և անվտանգության ոլորտներում:

Մենք նախորդ ամիսների ընթացքում Հայաստանի հետ առևտրատնտեսական հարաբերություններում ունեցել ենք 43 տոկոս աճ, բայց նպատակադրումը, թիրախը 3 մլրդ դոլարն է: Այս նպատակին հասնելն անպայման կիրականանա: Երկու երկրների միջև լավ հարաբերությունները, վստահ եղեք, հանգեցնելու են տարածաշրջանում հարաբերությունների և անվտանգության ամրապնդմանը:

Կովկասյան տարածաշրջանն Իրանի պատմական անցյալի մշակութային և քաղաքակրթության մի մասն է, և մենք շատ զգայուն ենք այդ տարածաշրջանի նկատմամբ: Տարածաշրջանում անվտանգության և խաղաղության հաստատումը շատ մեծ կարևորություն ունի Իրանի Իսլամական Հանրապետության համար: Պարոն Փաշինյանի հետ ունեցած բանակցություններում եկանք եզրակացության, որ տարածաշրջանի հարցերը, խնդիրները պետք է անպայման տարածաշրջանի երկրների պատասխանատուների միջոցով լուծումներ գտնեն: Օտար ուժերի ներկայությունը ոչ միայն որևէ խնդիր չի լուծում, այլ խնդիրներն ավելացնում է:

Տարածաշրջանի համագործակցություննն է, որ երաշխավորելու է երկրների միջև ամբողջական և հարատև խաղաղություն: Հուսով եմ` այն համաձայնությունները, որ կայացել են այս այցի ընթացքում և որոշվել է, որ երկու երկրների պատասխանատուները պետք է ջանք չխնայեն այդ համաձայնություններն իրականացնելու ուղղությամբ, կնպաստեն մեր հարաբերությունների հետագա զարգացմանը, և մենք երկկողմ հարաբերությունների բարձր մակարդակի ականատեսը կլինենք: Եվս մեկ անգամ ողջունում եմ բարեկամ և հարևան Հայաստանի վարչապետին և իրեն ուղեկցող պատվիրակության անդամներին»:

Առավել մանրամասն՝ այստեղ:

--00—ԼՄ