Թուրքիան մտադիր է արգելափակել TikTok-ը երկրում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 10, 24News

տտ

Թուրքիայի խորհրդարանի թվային լրատվամիջոցների հանձնաժողովի նախագահ և իշխող «Արդարություն և զարգացում կուսակցության» (ԱԶԿ-AKP) անդամ Հուսեյն Յայմանը հանդես է եկել հայտարարություններով։ Այս մասին հայտնում է ermenihaber.am-ը։

Նա մասնավորապես խոսել է Թուրքիայում ТikTok սոցիալական հարթակի արգելափակման մտադրությունների մասին՝ նշելով, որ այդ հարթակը համոզիչ և գոհացնող պատասխաններ չի տվել իրենց։

«Վերջնական վերլուծության արդյունքում գործը կհասնի մինչև արգելափակման»,-հավելել է նա։

Յայմանն ընդգծել է նաև, որ անհրաժեշտ է պաշտպանել երեխաներին և ընտանիքներին, ապա հայտարարել, որ չնայած արգելափակումներին դեմ լինելու իրենց գործելաոճին, այս դեպքում կարող են քայլեր ձեռնարկել։

Թուրք պաշտոնյան շեշտել է, որ  հարցը ցավոք կապված է մի իրականության հետ, որտեղ խոսքով, աաջարկով և կամ խնդրանքով առաջընթաց գրանցել չենք կարող։

Բացի այդ պաշտոնյան X հարթակին հրավիրել է Թուրքիայում ներկայացուցչական գրասենյակ բացել և հավելել․ «Ոչ ոք չի կարող իրեն վեր դասել այն երկրի կանոններից, որում նա գտնվում է»։

Թուրքական մեդիայում նշվում է, որ այժմ TikTok-ի ապագան Թուրքիայում անորոշ է, ինչը հանրության շրջանում մեծ անհանգստություն է առաջացրել։ 

--00—ԼՀ