Քասախ գյուղի 40-ամյա բնակչի տանը հայտնաբերվել է ապօրինի զենք-ռազմամթերք

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 13, 24News

Նաիրիի բաժնի համայնքային ոստիկանները տեղեկություններ էին ստացել, որ Քասախ գյուղի 40-ամյա մի բնակիչ տանը պահում է ապօրինի զենք-ռազմամթերք: Բավարար փաստեր ձեռք բերելուց հետո հարուցվեց քրեական գործ։

ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ հունվարի 8-ին Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ խուզարկություն կատարվեց նշված տանը։ Հյուրասենյակից հայտնաբերվեցին որսորդական հրացան, որսորդական հրացանի փամփշտատուփ և 18 պարկուճ, որից 6-ը՝ կրակված։

Քրեական գործի քննությունը շարունակվում է։

--00--ՍԳ