Գերեվարում, խոշտանգում և սպանություն․ Վլադիմիր Պարսիյանցի պատմությունը. Hetq.am

ԵՐԵՎԱՆ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 1,  24 News

կոլաժ

2020 թվականի նոյեմբերի սկզբին, երբ Ադրբեջանի զինված ուժերը սկսեցին գրոհել Շուշին, քաղաքում շատ քիչ քաղաքացիական բնակիչներ էին մնացել, հիմնականում՝ տարեց մարդիկ, որոնք չէին ցանկացել լքել իրենց բնակավայրը։ Նրանցից շատերը գերեվարվել և դաժանորեն սպանվել են հենց գերության մեջ։ Այդ մարդկանցից մեկը 73-ամյա Վլադիմիր Պարսիյանցն էր․ գրում է Hetq.am-ը։

Շուշիի՝ ադրբեջանական վերահսկողության տակ անցնելուց հետո Վլադիմիր Պարսիյանցը գերեվարվել է, սակայն հստակ օրը հայտնի չէ։ Դատաբժշկական փորձաքննության տվյալներով՝ Վլադիմիր Պարսիյանցը ադրբեջանական զինված ուժերի կողմից սպանվել է 2020թ․ նոյեմբերի 18-ին։ Դեկտեմբերի 5-ին Շուշիում Վլադիմիր Պարսիյանցի մարմինն ադրբեջանցիները հայկական կողմին են փոխանցել։ Նրա քունքի հատվածում հրազենային վնասվածք է եղել, և քանի որ նա սպանվել է նոյեմբերի 18-ին, այսինքն՝ ռազմական գործողությունների ավարտից 8 օր անց, կարելի է եզրակացնել, որ Ադրբեջանի զինված ուժերը միտումնավոր գնդակահարել են Վլադիմիր Պարսիյանցին, իսկ որովայնի շրջանում առկա կտրող-ծակող գործիքի հասցրած վնասվածքները վկայում են այն մասին, որ 74-ամյա ծերունուն նաև խոշտանգել են։

Պարիսյանց

Վլադիմիր Պարսիյանց

Վլադիմիր Պարսիյանցը ծնվել է 1946 թվականի դեկտեմբերի 30-ին Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում, արմատներով Գորիսից է։ Բաքվի ջարդերից փրկվելու համար 1990 թվականին տեղափոխվել է Արցախ, և երբ 1992 թվականին հայկական զինված ուժերը ազատագրել են Շուշին, մշտական բնակություն է հաստատել այնտեղ։ 1992 թվականին Վլադիմիր Պարսիյանցն ամուսնացել է Վեներա Ավակյանի հետ, որը նույնպես Բաքվի փախստական է։

1993թ․ ծնվել է նրանց միակ զավակը Բագրատը։ 2004 թվականին Վլադիմիր Պարսիյանցն ու Վեներա Ավակյանը ամուսնալուծվել են։ Այդ ժամանակվանից ի վեր մայրն ու որդին առանձին են ապրել, սակայն ինչպես պատմում է Բագրատը, մշտապես հոր հետ կապ է պահել։ 

Պատերազմի հենց առաջին օրը՝ սեպտեմբերի 27-ին, Բագրատն իր կնոջը, երկու մասնկահասակ երեխաներին և մորը տեղափոխել է Արարատի մարզի Հովտաշատ գյուղ՝ բարեկամի տուն, և սեպտեմբերի 28-ին վերադարձել է Շուշի։ Նա աշխատում էր Շուշիի շրջանի վարչակազմում և պատերազմի ընթացքում զբաղվում էր սննդի մատակարարմամբ։ 

Պարիսյանց

Բագրատ Պարսիյանց

Բագրատ Պարսիյանցի խոսքով՝ հոկտեմբերի վերջին սկսել են Շուշիի քաղաքացիական բնակչության տարհանումը, սակայն հայրը հրաժարվել է դուրս գալ քաղաքից։ 

«Մենք չէինք պատկերացնում, որ պատերազմի վերջը դա կլինի։ Մեզ համար ամենաանհավատալի տարբերակը հենց այն էր, որ թշնամին կգա կհասնի Շուշի։ Հայրս էլ չէր հավատում։ Արդեն պատերազմի վերջին օրերն էր, նոյեմբերի 3-ն էր՝ ժամը 2-անց կես, հարձակվեցին։ Էսպես նկարագրեմ՝ էնքան շատ էին խփում, որ մի հատ դռան արանքով չէիր կարող անցնել։ Ժողովուրդը եկել, ապաստանել էր վարչակազմի շենքում, հերս էլ էր ժամանակ առ ժամանակ գալիս գնում։ Ես էլ որ այնտեղ սնունդով էի զբաղվում, ինձնից ինչ կախված էր, էն էլ անում էի, ոչ միայն իրա համար, այլ՝ յուրաքանչյուրի, որովհետև մտածում էի՝ իմ պարտքն ա, պիտի անեմ։ Մի խոսքով, ինքը մնաց, ոչ մի ձև չուզեց դուրս գալ։ Իրա մտածելակերպով՝ էսքան եկել, եկել են, էլ հո չեն գալու Շուշին գրավեն»,- պատմում է Բագրատը։

Բագրատ Պարսիյանցը Շուշիից դուրս է եկել նոյեմբերի 5-ին և այդ օրվանից հոր մասին տեղեկություն չի ունեցել, չնայած նրա խոսքով՝ ինքն արդեն ենթադրում էր, որ հորը կարող են սպանած լինել։ Դրանից հետո Բագրատը սկսել է Արցախի քննչական կոմիտեի, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջոցով տեղեկություններ փնտրել։ Արդեն նշեցինք, որ Վլադիմիր Պարսիյանցի մարմինը հայկական կողմին են փոխանցել 2020թ․ դեկտեմբերի 5-ին, սակայն նրա ինքնությունը երկար ժամանակ չի հաջողվել պարզել։ Եվ միայն 2021թ․ ապրիլի վերջին են զանգահարել Բագրատին և հայտնել, որ Ստեփանակերտի դիահերձարաններում մի քանի դիեր կան և հնարավոր է՝ նրանցից մեկը Վլադիմիր Պարսիյանցինն է։ Լուսանկարների միջոցով նույնականացնելուց հետո ինքնությունը հաստատվել է։ Վլադիմիր Պարսիյանցի մարմինը հարազատներին է փոխանցվել 2021թ․ մայիսի 1-ին և նույն օրը Ստեփանակերտում հուղարկավորվել է։

«Ինչի եմ ես էդքան ուշ իմացել․ թուրքերն ասել են, որ իմ հորը Սղնախում են սպանել ու դին տվել, ու ստեղ էլ մտածել են, թե իմ հայրը Սղնախի բնակիչ ա։ Հետո Սղնախի գյուղապետին կանչում են, հարցնում են, ինքն էլ ասում ա՝ ես էս մարդուն չեմ ճանաչում, ու գործը տուպիկ ա ընկնում։ Ես կոնկրետ չգիտեմ, թե իրականում ոնց ա եղել, կարող ա թուրքերն են շփոթել կամ սպանել են, տարել են Սղնախ, չգիտեմ»,- պատմում է Բագրատը։

Վլադիմիր Պարսիյանցը շինարարության վարպետ է եղել, և մինչև վերջերս աշխատել է, թեպետ տարիքի պատճառով արդեն ծանր գործեր չէր անում։ Վեներա Ավակյանը պատմում է, որ երբ 1992 թվականին բնակարան է ստացել Շուշիում, դռան փականը չի աշխատել և վարպետ են կանչել, որպեսզի փականը նորոգի։ Այդ վարպետը եղել է հենց Վլադիմիր Պարսիյանցը, և այդպես նրանք ծանոթացել են և ընտանիք կազմել։

Վեներա

Վեներա Ավակյան

«12 տարի միասին ապրեցինք, հետո ճակատագիրը այնպես դասավորվեց, որ բաժանվեցինք։ Դրանից հետո խաղաղ ապրում էինք, միմյանց չէինք խանգարում, ինքը՝ առանձին, մենք՝ առանձին, մեր որդին և՛ հորն էր ընդունում, և՛ մորը։ Ամեն ինչ լավ էր, Բագրատը արդեն իր տունը ուներ, բայց․․․ բայց պատերազմը ամեն ինչ կործանեց»,- ասում է Վեներա Ավակյանը։

Պատերազմից մեկ տարի առաջ Բագրատը բնակարան էր գնել, և ժամանակի ընթացքում վերանորոգում էր այն, սակայն նա և իր ընտանիքը այդպես էլ չհասցրին վայելել իրենց նոր տունը։ «Վերջին սենյակի պաստառը խփեցի, հաջորդ առավոտը պատերազմը սկսվեց»,- ասում է Բագրատը։

Այս տարվա հունիսից Բագրատը մոր, կնոջ և երկու մանկահասակ որդիների հետ բնակվում է Արմավիրի մարզի Նորակերտ գյուղում գտնվող երկու սենյականոց բնակարանում։ Տանը միայն Բագրատն է աշխատում, մասնավոր ընկերություններից մեկում հաշվապահ է։ 

--00—ՄՀ

Տեսանյութեր