Միջանցքների մասին խոսակցությունը հակասում է խաղաղություն հաստատելու տրամաբանությանը․խոսնակ

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 20, 24News

Քաղաքական

Հայաստանի Հանրապետության վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանն անդրադարձել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այն հայտարարությանը, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլի միջոցով իրեն հանդիպման առաջարկ է արել: 

Ներկայացնում ենք թեմայի վերաբերյալ «Արմենպրես»-ի հարցերն ու վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանի պատասխանները․

Հարց – Թուրքիայի նախագահը կրկին խոսել է Հայաստանի տարածքով միջանցք բացելու խնդրի մասին, ասելով, որ դա քաղաքական հարց է: Ինչպե՞ս կմեկնաբանեք:

Պատասխան - Վարչապետ Փաշինյանը բազմիցս արտահայտվել է այդ կապակցությամբ: Հայաստանը կարեւորում է նոյեմբերի 9-ի եւ հունվարի 11-ի հայտարարություններում արձանագրված պայմանավորվածությունների ճշգրիտ իրագործումը: Կոմունիկացիաների բացումը բացառիկ կարեւոր նշանակություն ունի տարածաշրջանում երկարատեւ խաղաղություն ու կայունություն հաստատելու, տարածաշրջանում ցավալիորեն առկա թշնամանքի մթնոլորտը հաղթահարելու համար եւ Հայաստանը վճռական է այդ ուղղությամբ առաջ շարժվելու և արդյունքներ արձանագրելու գործում: Որոշ հայտարարություններում կոմունիկացիաների վերաբացման թեման վերափոխվում է եւ ստանում տարածաշրջանային մեկուսացման պահպանման տրամաբանություն: Միջանցքների մասին խոսակցությունը հենց այսպիսին է եւ հակասում է տարածաշրջանում խաղաղություն եւ կայունություն հաստատելու, թշնամանքի մթնոլորտը հաղթահարելու տրամաբանությանը: Այն նպատակ ունի ոչ միայն մեկուսացած պահել տարածաշրջանի պետությունները եւ ժողովուրդներին, այլեւ այդ մեկուսացմանը անշրջելի տեսք տալ: Բայց կան նաեւ տարածաշրջանային կոմունիկացիաները բացելու այնպիսի տարբերակներ, որոնք ընդգծում են տարածաշրջանային փոխկապակցվածությունը եւ թշնամության մթնոլորտի քայլ-առ-քայլ հաղթահարման իրական միջոց կարող են դառնալ: Հայաստանի կառավարությունը հենց նման տարբերակի կողմնակից է եւ հենց այդ տարբերակն է նկարագրված նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետում եւ հունվարի 11-ի եռակողմ հայտարարության մեջ:

--00--ԿԿ