Արաբկիրի բաժնի պետը իմ պաշտպանյալին ձերբակալելիս՝ թույլ է տվել կարգապահական խախտում

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 8, 24News

հասարակական

Այսօր ստացա ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչության պետի տեղակալ Վ.Հարությունյանի գրությունը: Այն վերաբերվում է իմ կողմից ՀՀ ոստիկանության պետին հասցեագրված գրությանը՝ ոստիկանության Արաբկիրի բաժնի պետ Ա.Վաթյանի կողմից իմ պաշտպանյալ Հակոբ Հովհաննիսյանին ապօրինի ձերբակալելու վերաբերյալ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Բենիկ Գալստյանը:

Վերը նշված գրությամբ ներքին անվտանգության վարչության պետի տեղակալը հայտնում է, որ իրականացված ծառայողական քննության արդյունքում պարզվել է, որ Արաբկիրի բաժնի պետ Ա.Վաթյանը, առանց սահմանված հիմքերի, նպատակների և նույնիսկ առանց ձերբակալման արձանագրությունը պաշտպանյալիս ծանոթացնելու ձերբակալելով իմ պաշտպանյալին, չի պահպանել ՀՀ օրենքների և իրավական ակտերի պահանջները և թույլ է տվել կարգապահական խախտում:

Այսինքն, ըստ ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչության՝ մարդուն «հավայի տեղը» ձերբակալելն ուղղակի կարգապահական խախտում է, ոչ ավելին:

Սակայն սա դեռ ամենը չէ. հարգարժան ներքին անվտանգության վարչության պետի տեղակալը հայտնել է նաև, որ ոստիկանության գնդապետ Ա.Վաթյանը ենթակա է կարգապահական պատասխանատվության, սակայն ղեկավարվելով «ՀՀ ոստիկանության կարգապահական կանոնագիրքը հաստատելու մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասով, նրա նկատմամբ կարգապահական տույժ չի կիրառվել:

Նշեմ, որ համաձայն այդ կանոնագրքի 16-րդ հոդվածի 1-ին մասի՝ «Ծառայողական քննություն նշանակող անձի որոշմամբ կարգապահական խախտում կատարած ոստիկանության ծառայողը կարող է ազատվել կարգապահական տույժից, եթե նման արարք կատարել է առաջին անգամ, կամ կարգապահական խախտում կատարած ոստիկանության ծառայողն անկեղծորեն զղջացել է, ներողություն է խնդրել կոլեկտիվից կամ տուժողից կամ կամավոր հատուցել է իրավախախտմամբ պատճառված վնասը»:

Տեղադրում եմ նաև հիշյալ գրության լուսանկարը, վայելեք:

Հ.Գ. Այս դեպքում ևս ապագա քրեական գործով ապագա մեղադրյալների քանակը պարզապես ավելացավ, իմ հաշվարկով՝ 3-4 հոգով»,- գրել է Գալստյանը:

Հիշեցնենք, որ Հակոբ Հովհաննիսյանը ձերբակալվել է ս.թ. փետրվարի 27-ին.

«Իր բնակարանից ՀՀ ոստիկանության Արաբկիրի բաժին բերման է ենթարկվել և ձերբակալվել իմ պաշտպանյալ Հակոբ Հովհաննիսյանը՝ հասարակ մարդ, հայրենասեր անձնավորություն, ով ընդամենը մեկ օր առաջ գտնվել է Բաղրամյան պողոտայում՝ իրացնելով ՀՀ Սահմանադրությամբ իրեն ընձեռված խաղաղ հավաքներին մասնակցելու իր իրավունքը»,- այդ առթիվ իր ֆեյսբուքյան էջում գրել էր Գալստյանը և հավելել, որ ըստ ոստիկանների՝ Հակոբ Հովհաննիսյանը կասկածվում է փետրվարի 26-ին «իմքայլական» պատգամավորի հայհոյելու մեջ։

«Հիշյալ պատգամավորը հաղորդում է տվել Հակոբի դեմ։

Նշեմ, որ Հակոբի խնամքին է գտնվում 89-ամյա տարեց մայրը։ Մի խոսքով՝ թևակոխում ենք «ռեպրեսիաների» նոր փուլ»,-գրել է փաստաբանը:

Հասարակություն
Հասարակություն

--0--ԿԿ