Դավիթ Բաբայանն Անն Լինդեի հետ հանդիպմանը նշել է՝ գերիների վերադարձի հարցն անհետաձգելի է

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 16, 24News 

Բաբայան Լինդե

Մարտի 16-ին աշխատանքային այցով Հայաստանի Հանրապետությունում գտնվող Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը Երևանում հանդիպում է ունեցել ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի արտգործնախարար Ան Լինդեի հետ։ Այս մասին հայտնում են Արցախի ԱԳՆ-ից: Հանդիպմանը մասնակցել են ԵԱՀԿ Գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկը, ՀՀ-ում ԱՀ մշտական ներկայացուցիչ Սերգեյ Ղազարյանը, պաշտոնատար այլ անձինք։

Հանդիպման ընթացքում քննարկվել են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն առնչվող հարցեր։ Դավիթ Բաբայանն ընդգծել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո բանակցային գործընթացի վերսկսման անհրաժեշտությունը՝ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության համապարփակ և արդար կարգավորման նպատակով։

Դավիթ Բաբայանը ԵԱՀԿ գործող նախագահին ներկայացրել է նաև Թուրքիայի և միջազգային ահաբեկիչների աջակցությամբ Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված 44-օրյա պատերազմի հետևանքով ստեղծված մարդասիրական իրավիճակը։ Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարը նշել է, որ Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց անհապաղ վերադարձը հայրենիք անհետաձգելի խնդիր է։ Դավիթ Բաբայանն ընդգծել է քաղաքական առևտրում գերության մեջ գտնվող անձանց և նրանց հարազատների տառապանքների օգտագործման անթույլատրելիությունը։ Արցախի ԱԳՆ ղեկավարը ԵԱՀԿ Գործող նախագահին կոչ է արել գործադրել անհրաժեշտ բոլոր ջանքերը՝ հասնելու Ադրբեջանի կողմից միջազգային մարդասիրական իրավունքով ստանձնած իր պարտավորությունների անշեղ իրականացմանը։

Դավիթ Բաբայանը հույս է հայտնել, որ միջազգային հանրությունը կաջակցի Արցախին այնպիսի կենսական խնդիրների լուծման հարցում, ինչպիսիք են աջակցության տրամադրումը պատերազմի արդյունքում տեղահանված մարդկանց և հայկական մշակութային ժառանգության պահպանումն Ադրբեջանի կողմից զավթված տարածքներում։

--00--ԱԹ