Եթե Ադրբեջանը պահանջել է նշանակալից ավանդ ունեցող մարդկանց , պետք է պահանջեր 120 հազար մարդու անուն

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 20, 24News

բաբ

Մամուլը գրել էր, որ ադրբեջանական կողմն Արցախի Հանրապետության առջև հստակ խնդիր է  դրել, որ պետք է իրեն տրամադրի այն մարդկանց ցուցակները, որոնք նշանակալից դեր են ունեցել Արցախի կայացման գործում, այդ թվում՝ նախկին նախագահների, գեներալների, պատերազմի մասնակիցների։ Այդ ցուցակի դիմաց էլ Ադրբեջանը խոստացել է տրամադրել «հումանիտար միջանցք», որպեսզի արցախահայությունը դուրս գա Արցախից։

168.am-ի հետ զրույցում Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական, հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ, ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանն ասել է, որ անձամբ որևէ տեղեկություն չունի՝ Ադրբեջանը նման պահանջ ներկայացրե՞լ է, թե՞ ոչ։

«Եթե Ադրբեջանը պահանջել է Արցախի պետականության կայացման գործում նշանակալից ավանդ ունեցող մարդկանց անունները, ապա պետք է պահանջեր 120 հազար մարդու անուն, որովհետև ողջ արցախահայությունը մեծ ավանդ է ունեցել Արցախի կայացման հարցում»,- նշել է Դավիթ Բաբայանը։

Ինչ վերաբերում է այս պահին Արցախում ստեղծված իրավիճակին, Դավիթ Բաբայանն ասել է․

«Մարդիկ աստիճանաբար վերադառնում են իրենց տներ, սակայն կրակի դադարեցումը հարցի լուծում չէ, քանի որ առջևում սպասվում է ծանր  որոշումների կայացում»։

Հարցին՝ ծանր որոշումներ ասելով՝ նկատի ունի՝ Արցախն Ադրբեջանի կազմո՞ւմ, Դավիթ Բաբայանը պատասխանել է.

«Այնպիսի որոշումներ, որոնք չպետք է արատավորեն ազգի պատիվն ու արժանապատվությունը»։

--ԼՀ--