Նիկոլը և իր թիմը այսօր նման են փայտի, որը խրվել է մեր երկրի առաջընթացի անիվների մեջ

ԵՐԵՎԱՆ,  ՓԵՏՐՎԱՐԻ 10,  24News   

զաքարյան

Երկու կարեւոր հանգամանք է մարդկանց հասցրել այս մեծ հիասթափությանը՝ Արցախյան կապիտուլացված, դավաճանված պատերազմը, եւ 2018թ-ից Նիկոլի հետ կապված սին հույսերը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ Պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը։

Նա, մասնավորապես, նշել է.

«Հայ մարդը երբեք այսքան կոտրված, այս աստիճանի հոգեխեղված, այսչափ հուսախաբ վիճակում չի եղել: Զրուցում ես մարդկանց հետ, ու համոզվում ես, որ պետք է քաջալերես, համոզե՛ս, որ կյանքը դեռ շարունակվում է, որ թեւաթափ լինել պետք չէ:

Անցնող մեկ տարվա ընթացքում այդքան մեծ հոգեբանական հարված՝ վերջին հարյուր տարում Հայ մարդը չէր տեսել: Անորոշությունների կծիկը գնալով ավելի ու ավելի է խճճում պրագմատիկ, լավատես, հավատավոր ու աշխատասեր Հային: Մարդիկ չեն կարողանում տեսնել իրենց վաղվա օրը:

Պատճառներն իհարկե հայտնի են: Առաջինը՝ պատերազմի ցավալի հետեւանքներն են: Պատերազմ, որի մեղավորներն առ այսօր խնամքով թաքնվում են իշխանության հովանոցի տակ: Պետերազմ, որը խլեց Հայի հաղթանակած ոգին, խլեց Արցախի անառիկ ու Հայաստանի անվտանգ լինելու գաղափարը, խարխլեց Հայաստանում ապրելու եւ զարգանալու հնարավոր հեռանկարները:

Երկու կարեւոր հանգամանք է մարդկանց հասցրել այս մեծ հիասթափությանը՝ Արցախյան կապիտուլացված, դավաճանված պատերազմը, եւ 2018թ-ից Նիկոլի հետ կապված սին հույսերը:

Պետք է սթափվել, ուշքի գալ, չտրվել հիասթափության կործանարար տրամադրություններին: Կյանքը դեռ շատ հաջողություններ ու ձեռքբերումներ ունի պահած մեր Ազգի համար: Մենք ոտքի կանգնելու, առաջ գնալու, հզորանալու դեռեւս չիրացված մեծ պոտենցիալ ունենք: Մենք իրավունք չունենք տրվելու մեզ շարունակ խաբող եւ մոլորեցնող տեղեկատվական դաշտերին: Մենք իրավունք չունենք ենթարկվելու մեր “բարեկամների” ու թշնամիների քմահաճույքներին:

Դեպի Արցախ վերադարձող յուրաքանչյուր ընտանիք՝ ապագայի նկատմամաբ հավատի վերականգնման մի փոքր քայլ է: Ապագայի մասին խոսող յուրաքանչյուր երիտասարդ՝ վաղվա օրվա նկատմամաբ վստահության կաթիլ է: Մեր երեխաների լավատեսությունը՝ Հայաստանի ապագայի լուսավոր կետն է, որին պետք է ձգտենք համերաշխ ու միասնական կերպով:

Մեզ պառակտող, անցյալից խոսող, նախկինը քննադատող, տարբեր մարդկանց նկատմամաբ քաղաքական երանգներով գործեր կարող, իշխանությունը մահակ դարձրաց յուրաքանչյուր սրիկա՝ մեր Երկրի ու Ազգի ապագան խամրեցնող երեւույթ պետք է համարվի:  Չկան այլեւս անցյալ ու ներկա, կա միայն ապագա, որի մասին պետք է մտածենք յուրաքանչյուրս:

Եթե գտնում ենք, որ Նիկոլը եւ նրա նմանները տեղ չունեն մեր ապագայում, ուրեմն պետք է ազատվենք այդ բեռից այսօր: Իսկ եթե ունեն, ապա պետք է սահմանենք, թե ո՞րն է նրանց դերը: Որովհետեւ, Ազգին հիասթափության հատակին հասցրած իշխանությունը, իր անիմաստ հայտարարություններով, այլեւ չի կարող խլել բոլորիս համար թանկարժեք ժամանակը:

Առաջիկայում, մեր տարածաշրջանում եւ աշխարհում լուրջ փոփոխություններ կարող են տեղի ունենալ: Այն առընչվելու է նաեւ մեր երկրի կենսական շահերին: Պետք է պատրաստ լինենք օգտվել դրանցից, ծառայեցնել դրանք մեր պետության շահերին: Պետք է նորից ինքնակազմակերպվենք, վեր հառնենք այս կործանարար հոգեվիճակից, հետ պտտենք պատմության անիվը ու նայենք միմիայն մեզ համար ցանկալի ապագային:

Մի բան հստակ է, Նիկոլը եւ իր թիմը այսօր նման են փայտի, որը խրվել է մեր երկրի առաջընթացի անիվների մեջ: Սրանում համոզվել պետք չէ, սա ապացուցված է բազմաթիվ փաստերով»։

--00—ՄՀ