Դատապարտյալները մտահոգություններ են հայտնել ԱՆ փոխնախարարին ու ՔԿԾ պետին

ԵՐԵՎԱՆ,  ՓԵՏՐՎԱՐԻ 3,  24News   

ԱՆ

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ Արմեն Հովհաննիսյանը ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գեներալ-մայոր Արթուր Գոյունյանի, ծառայության պետի տեղակալների և ՔԿԾ կենտրոնական մարմնի համապատասխան ստորաբաժանումների ղեկավարների ուղեկցությամբ շրջայց է կատարել ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում:

Առաջնային նպատակն էր ծանոթանալ կիսաբաց ուղղիչ հիմնարկում պատիժը կրելու համար համապատասխան պայմաններ ապահովելու նպատակով վերափոխված 2-րդ տեղամասում իրականացված վերանորգման աշխատանքներին: 
Արմեն Հովհաննիսյանն այցի շրջանակներում ծանոթացել է նաև ՀՀ ԱՆ «Արմավիր» ՔԿՀ-ի արդի վիճակին, մատուցվող սննդակարգին, սննդի պատրաստման եղանակներին, առանձնահատուկ ուշադրություն է դարձրել ազատազրկված անձանց պահման պայմաններին՝ հընթացս զրուցելով դատապարտյալների հետ և լսելով նրանց մտահոգությունները, բուժմասում նրան են ներկայացրել առողջության պահպանման համար ՔԿՀ-ում առկա պայմաններն ու հնարավորությունները։

Այնուհետ, անձնակազմի ուղեկցությամբ փոխնախարարը եղել է ազատազրկված անձանց զբաղվածությունն ու վերասոցիալականացումն ապահովող խեցեգործության և նկարչության դասընթացների սենյակներում, գրադարանում, ազատ տեղաշարժի համար նախատեսված տարածքներում, հանձնուքների ընդունման սենյակում, որտեղ ներկայացվել են արգելված իրերի շրջանառության, թմրամիջոցների հայտնաբերման նպատակով կիրառվող  անվտանգության ժամանակակից ռենտգեն սարքի տեխնիկական հնարավորությունները։

Այցելության ավարտին Ծառայության պետ Արթուր Գոյունյանի գլխավորությամբ և փոխնախարար Արմեն Հովհաննիսյանի մասնակցությամբ իրականացվել է «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի՝ 2020 թվականի տարեկան գործունեության ամփոփում։

Խորհրդակցության ընթացքում առանձնահատուկ քննարկման առարկա են դարձել նաև կոռուպցիայի, ենթամշակույթի, արգելված իրերի և թմրամիջոցների դեմ պայքարն առավել արդյունավետ և հետևողական դարձնելու, ծառայողների կարգապահությունն ու զգոնությունն առավել բարձր նշաձողին հասցնելու, ինչպես նաև մահվան, ինքնասպանությունների և հավանական ինքնավնասումների  դեպքերը հնարավորինս բացառելու, այդ ուղղությամբ սոցիալական, հոգեբանական և իրավական ոլորտների համապատասխան աշխատանքներն առավել նպատակային, թիրախավորված կազմակերպելու հետ կապված հարցերը։

--00—ՄՀ