Մայիսի 16-ից Հունաստանում կվերսկսվի երկրի 515 հանրային լողափերի աշխատանքը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 16, 24News

հունաստան

Հունաստանում, 30 աստիճան տաքության ֆոնին, մայիսի 16-ից կբացվեն լողափերը, որոնք ավելի վաղ փակվել էին՝ կորոնավիրուսի համաճարակի պատճառով: Այս մասին հայտնում է РиаНовости-ն: Լողափերը կաշխատեն նոր պայմաններով և, ինչպես հայտարարել են երկրի կառավարությունում, լողափերի բացումը փորձարկող թեստ կլինի՝ արդյոք Հունաստանը պատրաստ է զբոսաշրջային գործունեության վերսկսմանը:

Նշենք, որ Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը մարտի 14-ին, կորոնավիրուսային իրավիճակով պայմանավորված, կարգադրել էր փակել բոլոր լողափերը, որովհետև դրանք մարդկային մեծ կուտակումների պատճառ էին:

Մայիսի 4-ից Հունաստանում սկսվեց մի շարք սահմանափակումների աստիճանական վերացումը, սակայն լողափերը դեռ շարունակում էին փակ մնալ. ծովում լողալը նախատեսվում էր թույլատրել հունիսի 1-ից: Ծրագրերը փոխվեցին, քանի որ երկրում օդի ջերմաստիճանը հասավ մինչև 30 աստիճան, իսկ հանգստյան օրերին, կանխատեսումների համաձայն, պետք է բարձրանա մինչև 40 աստիճան:

«Ո​​​​​​րոշում է կայացվել մայիսի 16-ից վերսկսել երկրի 515 հանրային լողափերի աշխատանքը»,- հայտնել է քաղաքացիական պաշտպանության գլխավոր քարտուղարությունը։

Կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Սթելիոս Փեթսասի փոխանցմամբ՝ որոշակի կանոններ կսահմանվեն ,և կվերահսկվի դրանց կատարումը:

Լողափերը կբացվեն մայիսի 16-ից՝ ժամը 8-ից։ Կվերահսկվի այցելուների քանակը. 1000 քառակուսի մետրին կլինի առավելագույնը 40 մարդ: Տարածքում հաճախ կկատարվեն ախտահանման աշխատանքներ: Առաջին խախտման դեպքում սպառնում է 5-ից մինչև 20 հազար եվրոյի չափով տուգանք, տարածքի գործունության 30-օրյա դադարեցում։ Երկրորդ խախտման դեպքում կեռապատկվի և՛ տուգանքը, և՛ տարածքի արգելափակված մնալու ժամկետը։