Երևանը պատրաստ է ստորագրել Բաքվի հետ համաձայնագիր նախկինում համաձայնեցված սկզբունքների հիման վրա

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 15, 24News

Այցը կարևոր նշանակություն ունի Հայաստանի և Ղազախստանի միջև հետագա զարգացման համար։ Այս մասին այսօր Ղազախստանի նախագահի հետ համատեղ ասուլիսում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ կարևորելով Տոկաևի այցը Հայաստան։

Փաշինյանը նշեց, որ այցը խորհրդանշական է․ «Այս տարի լրանում է Հայաստանի և Ղազախստանի միջև բարեկամության մասին համաձայնագրի 25-ամյակը»։

Վարչապետը ասաց, որ հանդիպմանը անդրադարձել են նաև կրթական հարցերի․

«Քննարկվում է Աստանայում Սուրբ Մեսրոպ Մաշտոցի և Երևանում ղազախ բանաստեղծ Աբայ Կունանբաևի անվան պուրակներ հիմնելու հարցը»,- ասաց նա:

Փաշինյանը Տոկաևին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցությունների վերջին զարգացումներ։

«Գործընկերոջս ներկայացրել եմ Ադրբեջանի հետ վերջին բանակցությունները, վերահաստատել եմ տարածաշրջանում կայունություն և խաղաղություն հաստատելու Հայաստանի պատրաստակամությունը՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև արդեն իսկ համաձայնեցված երեք սկզբունքների հիման վրա։ Դրանք են 1991 թ-ին Ալմաթիի հռչակագրի դրույթների հիման վրա տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչումը և Հայաստան-Ադրբեջան փոխադարձ սահմանազատման իրականացումը, ինչպես նաև տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակումը պետությունների ինքնիշխանության և իրավազորության հարգման, փոխադարձության ու հավասարության սկզբունքների հիման վրա։ Վերջինիս համատեքստում անդրադարձել ենք Հայաստանի կառավարության առաջարկած «Խաղաղության խաչմերուկ» նախագծին, որի կյանքի կոչումը կարող է արմատապես փոխել իրավիճակը տարածաշրջանում։»,-ասաց Փաշինյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ԼՀ