Կիպրոսը դեմ է այն ամենին, ինչը չի համապատասխանում միջազգային իրավունքին․ Կոնստանտինոս Կոմբոս

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 7, 24News

photo

ՀՀ Ազգային ժողովի եւ Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի նախագահ Հայկ Կոնջորյանը եւ հանձնաժողովի անդամները մարտի 7-ին հանդիպել են Կիպրոսի արտաքին գործերի նախարար Կոնստանտինոս Կոմբոսի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԺ պաշտոնական կայքից։

Կողմերը երկուստեք բարձր են գնահատել բարեկամ երկրների միջեւ ե՛ւ օրենսդիր, ե՛ւ գործադիր մակարդակում առկա գերազանց համագործակցությունը, ընդգծել, որ երկու պետությունները պատմականորեն ունեն նույնատիպ մարտահրավերներ ու խնդիրներ:

Հայկ Կոնջորյանը երախտագիտություն է հայտնել կիպրական կողմին հայ ժողովրդին պատուհասած բազմաթիվ փորձությունների ժամանակ մշտապես մեր կողքին լինելու եւ հասցեական հայտարարություններ ու դիրքորոշում հնչեցնելու համար: «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավարը կարեւորել է երկկողմ արդյունավետ հարաբերությունները նաեւ միջազգային հարթակներում, հույս հայտնել, որ դրական դինամիկան շարունակական կլինի: Կարեւորվել է Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ ձեւաչափում համագործակցության առկա ներուժի լիարժեք իրացումը:

Կոնստանտինոս Կոմբոսը վերահաստատել է Կիպրոսի դիրքորոշումը ՀՀ տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության հարցում: «Կիպրոսը դեմ է այն ամենին, ինչը չի համապատասխանում միջազգային իրավունքին»,- փաստել է Կիպրոսի ԱԳ նախարարը:

Հանձնաժողովի անդամները կարեւորել են պատվիրակության այցը Հայաստան տարածաշրջանային անվտանգային մարտահրավերների համատեքստում, ընդգծել Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցածի վերաբերյալ միջազգային հանրության հասցեական արձագանքի անհրաժեշտությունը: Նրանք խոսել են նաեւ Ադրբեջանի կողմից իրականացվող էթնիկ զտումների քաղաքականության, այդ երկրում գտնվող հայ ռազմագերիների եւ պահվող այլ անձանց վերադարձի, հայկական պատմամշակութային ժառանգության պահպանության մասին: Նշվել է, որ Ադրբեջանը հետեւողականորեն վերացնում է հայկական հետքը Լեռնային Ղարաբաղում:

Երկկողմ տեսանելի արդյունքներ գրանցելու հարցում արժեւորվել է տարբեր ոլորտներում համագործակցության հնարավորությունների ընդլայնումը, այդ համատեքստում ընդգծվել Կիպրոսի հայ համայնքի առանցքային դերակատարությունը: Անդրադարձ է եղել երկու երկրներում դեսպանատներ բացելու անհրաժեշտությանը, խորհրդարանական մակարդակով փոխայցերի ակտիվացմանը:

--00—ՅՄ