Բայդենը դիմել է Կոնգրեսին՝ խնդրելով «անհապաղ» հաստատել F-16-երի վաճառքը Թուրքիային

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 25, 24News

բայ

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հունվարի 24-ին նամակ է հղել Կոնգրեսի երկու պալատների արտաքին հարաբերությունների հանձնաժողովներին՝ կոչ անելով նրանց «անհապաղ» հավանություն տալ Թուրքիային F-16 կործանիչների վաճառքին։ Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Reuters-ի հրապարակումը։ 

Բայդենը նախատեսում է սկսել կործանիչների վաճառքը Թուրքիային, հենց Անկարան ավարտի ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության գործընթացի վավերացումը։

Reuters-ի չորս աղբյուրները հայտնել են, որ հունվարի 24-ին ավելի վաղ Սպիտակ տունը նամակ էր հղել Կոնգրեսի անդամներին՝ կոչ անելով հավանություն տալ Թուրքիային 20 միլիարդ դոլարի F-16 կործանիչների և արդիականացման հավաքածուների վաճառքին։ Այդ գնման համար Թուրքիան ԱՄՆ-ին էր դիմել դեռ 2021 թ․ հոկտեմբերին։

Թուրքիայի խորհրդարանը հունվարի 23-ին վավերացրել է ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության մասին օրինագիծը, որն այժմ պետք է ստորագրվի երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից։ Թուրքիան ամիսներ շարունակ խոչընդոտում էր Հյուսիսատլանտյան դաշինքին Շվեդիայի անդամակցությանը, ինչի պատճառով ԱՄՆ օրենսդիրները չէին հաստատում F-16 կործանիչների վաճառքն Անկարային։

ԱՄՆ սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ, սենատոր Քրիս Վան Հոլենը կասկածում է, որ Թուրքիային F-16 կործանիչների վաճառքն արագ կհաստատվի․ օրենսդիրները նախ հավաստիացումներ պետք է ստանան Բայդենի վարչակազմից և Թուրքիայից։

«Նախագահ Էրդողանի պաշտոնավարման ժամանակահատվածի մեծ մասում Թուրքիան ՆԱՏՕ-ի անհավատարիմ դաշնակից է եղել, ուստի սա ողջունելի նորություն է։ Միևնույն ժամանակ, ես դեռևս հարցեր ունեմ Էրդողանի շարունակական հարձակումների վերաբերյալ մեր սիրիացի քուրդ դաշնակիցների դեմ, նրա ագրեսիվ գործողությունների վերաբերյալ Միջերկրական ծովի արևելքում, ինչպես նաև այն դերի վերաբերյալ, որը նա խաղացել է Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի ռազմական հարձակումներին աջակցելու գործում», - ասել է Վան Հոլենը Reuters-ին։ 

2022 թ․ փետրվարին Ուկրաինայում Ռուսաստանի ծավալած ռազմական գործողություններից հետո Շվեդիան և Ֆինլանդիան ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտեր ներկայացրին։ Ֆինլանդիայի անդամակցությունը հաստատվել է 2023 թվականին, սակայն Թուրքիան և Հունգարիան չէին հաստատում Շվեդիայի անդամակցությունը։ ՆԱՏՕ-ին որևէ երկրի միանալու համար տվյալ երկրի հայտը պետք է հաստատվի բոլոր անդամ երկրների կողմից։ Թուրքիան չէր հաստատում Շվեդիայի հայտը՝ պատճառաբանելով, որ Ստոկհոլմը պաշտպանում է իր կողմից ահաբեկչական ճանաչված խմբավորումներին։  

--00—ԼՀ