Սահմանազատման հանձնաժողովների հանդիպումը տեղի կունենա մոտ ժամանակներում. օրն ու վայրը դեռ հստակ չեն

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 10, 24News

1

Մոտ ժամանակներս տեղի կունենա Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ պետական սահմանի սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների հանդիպումը։ «Փաստինֆո»-ի հարցմանն ի պատասխան այդ մասին հայտնել են ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից։

Նախնական պայմանավորվածությունը կա, սակայն կոնկրետ ժամկետները դեռ հստակեցված չեն։ «Օրվա և տեղի մասին հստակ պայմանավորվածություն դեռևս չկա»,- նշել են գրասենյակից։ 

Նշենք, որ դա արդեն կլինի հանձնաժողովների 6-րդ հանդիպումը։ Նախորդ՝ հինգերորդ հանդիպումը՝ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և ԱՀ փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի նախագահությամբ, տեղի է ունեցել 2023 թվականի նոյեմբերի 30-ին՝ երկու երկրների սահմանին։
ՀՀ ԱԳՆ-ի պաշտոնական հայտարարության համաձայն՝ այդ հանդիպմանը կողմերը նախնական համաձայնեցրել են Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի միջև նիստերի և համատեղ աշխատանքային հանդիպումների կազմակերպման և անցկացման աշխատակարգի տեքստը:

Իսկ դեկտեմբերին արդեն ՀՀ կառավարությունը հաստատեց Հայաստանի և Ադրբեջանի միջեւ սահմանազատման հանձնաժողովների աշխատակարգը։ Սակայն կողմերին դեռ չի հաջողվել համաձայնության գալ, թե որ թվականի քարտեզն է հիմք ընդունվելու սահմանազատման համար։

 

--00—ԱՊ