Էրդողանը Իրանի նախագահին կփոխանցի Գազայում խնդրի կարգավորման վերաբերյալ Թուրքիայի առաջարկները

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 3, 24News

thumbs_b_c_1fe2144af5ace1d2f935463fc4f0687a

Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին հինգշաբթի օրը այցով կժամանի Թուրքիա, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը իրանցի գործընկերոջը կփոխանցի Գազայի հատվածում կարգավորման վերաբերյալ Անկարայի առաջարկները, հայտնում է Star թերթը՝ հղում անելով աղբյուրներին։

«Նախագահ Էրդողանի առաջին հյուրն այս տարի կլինի Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին: Ակնկալվում է, որ Իրանի ղեկավարը վաղը պաշտոնական այցով կժամանի Թուրքիա: Հանդիպման ընթացքում Էրդողանն ու Ռաիսին կքննարկեն Գազայի վրա Իսրայելի հարձակումները և երկկողմ հարաբերությունները»,- հաղորդում է հրատարակությունը:

Հրատարակության տվյալներով՝ նախ երկու երկրների ղեկավարները կհանդիպեն դեմ առ դեմ։ Դրան կհաջորդի թուրք-իրանական բարձր մակարդակի համագործակցության խորհրդի 8-րդ նիստը։

«Այս հանդիպմանը բոլոր առումներով կգնահատվեն այն քայլերը, որոնք կարող են ձեռնարկվել՝ բարելավելու գոյություն ունեցող հարաբերությունները այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են տնտեսությունը, առևտուրը, էներգետիկան, տրանսպորտը և պաշտպանական արդյունաբերությունը։ Կստորագրվեն տարբեր ոլորտներում համագործակցության համաձայնագրեր»,-գրում է թերթը։

«Էրդողանի և Ռաիսիի հանդիպման օրակարգի առաջնահերթ կետերից մեկը կլինի Իսրայելի հարձակումները Գազայի վրա»,- գրում է թերթը։

«Առաջնորդները կքննարկեն, թե ինչ կարելի է անել տարածաշրջանում հումանիտար ճգնաժամին վերջ տալու և մշտական ​​հրադադարի հասնելու համար: Նախագահ Էրդողանը իրանցի գործընկերոջը կփոխանցի խնդրի կարգավորման վերաբերյալ Թուրքիայի առաջարկները»,-ասվում է հայտարարության մեջ:

--00—ՅՄ