Բազմաբնակարան շենքերի կառավարման բնագավառում կկատարվի դերերի հստակեցում

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 6, 24News

շենք

Կառավարությունը հավանություն է տվել Քաղաքաշինության կոմիտեի մշակած «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Քաղաքաշինության կոմիտեից հայտնում են, որ փաթեթով առաջարկվում է սահմանել բազմաբնակարան շենքերի կառավարման բնագավառում պետական լիազոր մարմնի, մարզպետների, տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունները, ինչպես նաև նոր կառուցվող կամ կառուցված բազմաբնակարան շենքի կառուցապատողի պարտականությունները:

Առաջին խմբին վերապահվող լիազորությունները հիմնականում վերաբերում են օրենսդրական դաշտի բարելավմանն ուղղված առաջարկների մշակմանը, բնակֆոնդի տեխնիկական վիճակի վերաբերյալ տվյալների վարմանը, խորհրդատվական նյութերի մշակմանը, ՀՀ կառավարության կողմից հաստատված ծրագրերի մշտադիտարկմանը:

Նոր կառուցվող կամ կառուցված բազմաբնակարան շենքի կառուցապատողի համար սահմանում են պարտականություններ, որոնք վերաբերում են շենքի կառուցումից հետո՝ մինչև սեփականատերերի կողմից կառավարման մարմնի ընտրությունը, սեփականատերերի անունից կառավարման մարմին ձևավորելուն և շենքի կառուցման մեկնարկից մինչև կառավարման մարմնի ձևավորում ընկած ժամանակահատվածում ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող գույքի օտարման առանձնահատկություններին: Կառուցապատողը կունենա նաև բազմաբնակարան շենքի կառուցումից հետո շենքի փաստաթղթերը կառավարման մարմնին փոխանցելու պարտավորություն:

Օրենքով սահմանված կազմով կամ ժամկետում փաստաթղթերը չփոխանցելու դեպքում «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքով նախատեսվում է պատասխանատվություն:

--00—ԼՀ