ԼՂ-ից հետո ՀՀ ողջ ինքնիշխան տարածքն է դարձել մեր հարևանի թիրախը. Միրզոյանի ելույթը` ԵԱՀԿ-ում

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 30, 24News

ՀՀ ԱԳՆ-ն հրապարակել է նախարար Արարատ Միրզոյանի ելույթը, որով հանդես է եկել ԵԱՀԿ նախարարական 30-րդ համաժողովին.

«Հարավային Կովկասում Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, որի հիմնական պատճառներն էին ատելությունն ու այլատյացությունն իր տարբեր դրսևորումներով և իրենց նախնյաց հայրենիքում ազատ և արժանապատիվ ապրել ցանկացող մարդկանց համար  գոյաբանական սպառնալիքը, այս տարի հասավ իր ավարտական փուլին: Ավելի քան ինն ամիս տևած անմարդկային պաշարումից հետո, սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը հերթական լայնածավալ ռազմական հարձակումն իրականացրեց Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ, որը հանգեցրեց ԼՂ բնիկ բնակչության զանգվածային բռնի տեղահանմանը: Այս պահին կարող ենք արձանագրել որ միջազգային հանրության լուռ համաձայնությամբ Ադրբեջանը հասել է իր վաղեմի նպատակին՝ ստանալու Լեռնային Ղարաբաղի տարածքին առանց հայ բնակչության։

Այնուամենայնիվ, դա իրականացնելուց հետո էլ ադրբեջանական կողմի պահանջները չեն դադարել. հիմա Հայաստանի Հանրապետության ողջ ինքնիշխան տարածքն է դարձել մեր հարևանի թիրախը։ Զուգորդված լինելով շարունակական ատելությամբ, ռազմական հռետորաբանությամբ, ուժի և ուժի սպառնալիքի կիրառմամբ, տարբեր միջազգային դերակատարների, այդ թվում՝ ԱՄՆ և ԵՄ կողմից կազմակերպված հանդիպումներին մասնակցելու մերժման հետ՝ սա ի ցույց է դնում, որ այս երկիրն անկեղծորեն շահագրգռված չէ տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատմամբ: 

Հարգելի՛ գործընկերներ,

Չնայած տեղի ունեցած մարդասիրական աղետին, Հայաստանը հավատարիմ է մնում Հարավային Կովկասում խաղաղության նոր դարաշրջանի բացմանը և կարծում է, որ դա դեռ հնարավոր է։ Այդ հնարավորությունն իրականություն դարձնելու համար մեզ անհրաժեշտ է փոխադարձաբար Ադրբեջանի անկեղծ ներգրավվածությունը և միջազգային դերակատարների ամուր աջակցությունը մեր ջանքերին, որոնք հիմնված են լավ մշակված և հայտնի սկզբունքների վրա։ Այդ սկզբունքները, որոնք լայնորեն քննարկվել և ընդունվել կամ առնվազն չեն մերժվել Ադրբեջանի կողմից, ներառում են․

  •  տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչում՝ հիմնված 1991 թ․ Ալմա-Աթայի հռչակագրի վրա և առանց երկիմաստությունների, 
  • Հայաստանի և Ադբեջանի միջև պետական սահմանի սահմանազատում ամենավերջին և լեգիտիմ՝ ԽՍՀՄ Գլխավոր շտաբի 1974-78թթ․  քարտեզների հիման վրա,
  • բոլոր տրանսպորտային և տնտեսական հաղորդակցությունների ապաշրջափակում՝ երկրների ինքնիշխանության և իրավազորության լիակատար հարգման, ինչպես նաև հավասարության և փոխադարձության սկզբունքների հիման վրա։

Հայկական կողմը վերահաստատում է իր հանձնառությունը վերոնշյալ սկզբունքներին և, ի ցույց է դնելով գործուն քայլեր ձեռնարկելու իր պատրաստակամությունը, վերջերս ներկայացրել է հաղորդակցությունների ապաշրջափակման նախագծի հայեցակարգ, որը մենք կոչել ենք «Խաղաղության խաչմերուկ»: Այս հավակնոտ նախագիծը նպատակաուղղված է կապելու Արևելքը Արևմուտքի և Հյուսիսը Հարավի հետ և տարածաշրջանային համագործակցության միջոցով պայմաններ ստեղծելու տնտեսական և մշակութային կապերի ամրապնդման, ինչպես նաև հակասությունների հարթման և մեր տարածաշրջանի երկրների միջև ավելի լավ փոխկապակցվածության և քաղաքական երկխոսության խթանման համար:

Այս առումով Հայաստան֊Թուրքիա սահմանի բացումը ևս վճռորոշ կարևորություն ունի։ Ինչպես տեղյակ եք, մենք համաձայնություն ենք ձեռք բերել բացել ցամաքային սահմանը 3-րդ երկրների և դիվանագիտական ​​անձնագրեր կրող՝ Հայաստանի և Թուրքիայի քաղաքացիների համար, ինչը վերահաստատվել է նախարար Ֆիդանի կողմից հոկտեմբերի 23-ի մեր երկկողմ հանդիպման ժամանակ: Եվ նույնիսկ հստակ ժամկետներ են նշվել՝ նկատի ունենալով առաջիկա շաբաթները, և հուսով ենք, որ մոտ ապագայում մենք կյանքի կկոչենք այս առաջին, սակայն բավականին շոշափելի քայլը»։

--00—ԼՀ