Ադրբեջանը հասավ իր վաղեմի նպատակին՝ ստացավ ԼՂ տարածքն առանց հայերի. Արարատ Միրզոյան

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 30, 24News

ՀՀ ԱԳՆ-ն հրապարակել է նախարար Արարատ Միրզոյանի ելույթը, որով հանդես է եկել ԵԱՀԿ նախարարական 30-րդ համաժողովին.

««Նախևառաջ կցանկանայի շնորհակալություն հայտնել Հյուսիսային Մակեդոնիայի նախագահությանը ԵԱՀԿ-ում` վերջին մեկ տարվա ընթացքում այս կազմակերպությունն առաջնորդելու համար: Իսկապես դա հեշտ գործ չէր, քանի որ ԵԱՀԿ-ն, որը դեռևս հանդիսանում է աշխարհի ամենամեծ անվտանգային կազմակերպությունը, արագորեն հետընթաց է ապրում, քանի որ ժամանակին պատշաճ կերպով ընդունված և լավ մշակված մանդատներն ու պարտավորությունները լիովին անտեսվում են:

Այս գործընթացը սկսվել է մի քանի տարի առաջ, երբ ԵԱՀԿ ձախողեց իր հիմնական խնդիրների իրականացումը՝ վաղ արձագանքումն ու հակամարտությունների կանխումը։ Ցավոք, այս գործընթացը կշարունակվի, քանի դեռ չկա ընդհանուր ըմբռնում, որ աշխարհի ցանկացած կետում միջազգային իրավունքի խախտումը պետք է միանշանակ դատապարտվի և չպետք է հանդուրժվի, այլապես այն անպատժելիության զգացում է առաջացնում՝ սովորական երևույթ դառնալով աշխարհի այլ մասերում։ Ցավոք, ԵԱՀԿ-ի պատասխանատվության տարածքը ևս բացառություն չէ:

Հարավային Կովկասում Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, որի հիմնական պատճառներն էին ատելությունն ու այլատյացությունն իր տարբեր դրսևորումներով և իրենց նախնյաց հայրենիքում ազատ և արժանապատիվ ապրել ցանկացող մարդկանց համար գոյաբանական սպառնալիքը, այս տարի հասավ իր ավարտական փուլին: Ավելի քան ինն ամիս տևած անմարդկային պաշարումից հետո, սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը հերթական լայնածավալ ռազմական հարձակումն իրականացրեց Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ, որը հանգեցրեց ԼՂ բնիկ բնակչության զանգվածային բռնի տեղահանմանը: Այս պահին կարող ենք արձանագրել որ միջազգային հանրության լուռ համաձայնությամբ Ադրբեջանը հասել է իր վաղեմի նպատակին՝ ստանալու Լեռնային Ղարաբաղի տարածքին առանց հայ բնակչության»,- նշել է նախարարն իր ելույթում։

--00—ԼՀ