Պլանավորած եկել էին մեզ սաբոտաժի ենթարկելու, բոլոր քայլերը՝ մի բան էլ ավել, պատասխան են ստանալու

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 23, 24News

Այն, ինչ կատարվեց Երևանի ավագանու նիստում, սպասելի էր, հանձնարարություն էին կատարում, տեքստերով էին եկել, որ բնականոն աշխատանքը խաթարեն։ Պլանավորած եկել էին մեզ սաբոտաժի ենթարկելու, բոլոր քայլերը՝ մի բան էլ ավել, պատասխան են ստանալու։ Այս մասին 24TV-ի հաղորդման ժամանակ ասաց Երևանի ավագանու «Հանրապետություն» խմբակցության ղեկավար Անի Խաչատրյանը։

Անդրադառնալով նոր ընտրությունների գնալու Հայկ Մարությանի առաջարկին՝ Խաչատրյանը նշեց, որ չեն պատրաստվում նոր ընտրությունների գնալ, դրա ժամանակը չէ, բազմաթիվ խնդիրներ կան, մարդկանց բարոյահոգեբանական և աշխարհաքաղաքական վիճակը թույլ չի տալիս գնալ նոր ընտրությունների։

Պատասխանելով հարցին, թե նախկին իշխանությունների ժամանակ բարձրաձայնում էիք, որ ենթարկվել եք բռնաճնշումների, ինչո՞ւ հիմա չեք արձագանքում ընդդիմադիրների կալանավորման և հետապնդման դեպքերին, Խաչատրյանն ասաց, որ իր գնահատմամբ, ամեն ինչ օրենքի սահմանում է արվում, այսօր բռնաճնշումներ չկան։

 «Առաջ ընդդիմադիր լինելը մահապարտ լինել էր նշանակում, հիմա նման բան չկա։ 2004-ին քաղաքական կուսակցության գրասենյակում լինելու համար ինձ տարել են ոստիկանություն ու բռնաճնշումների ենթարկել, հիմա չեմ լսել, որ ոստիկանությունում ծեծեն այնպես, ինչպես 2004-ին մեզ հետ էին անում։ Փորձը ցույց տվեց, որ վատ իշխանությունը լավ ընդդիմություն չդարձավ, ավելի վատն է դառնում, չի պայքարում հանուն Հայաստանի, միայն աթոռը հետ բերելու համար են պայքարում»։ Խաչատրյանի գնահատմամբ, անընդունելի է այս չափ խոսքի ազատությունը, շատերին թվում է, որ եթե ժողովրդավարություն է, ինչ ուզեն՝ կարող են խոսել։

Մանրամասները՝ տեսանյութում։

Հերմինե Միքայելյան

 

--00—ԱՊ