ՄԱԿ-ի 34 երկիր համատեղ հայտարարությամբ է հանդես եկել Արցախի հումանիտար ճգնաժամի վերաբերյալ

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 11,24News

մակ

Այսօր Ժնևում ընթացող ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 54-րդ նստաշրջանում 34 երկրներ հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որտեղ խորը մտահոգություն են հայտնել Լեռնային Ղարաբաղում մարդասիրական և մարդու իրավունքների ծանրագույն ճգնաժամի կապակցությամբ։ 

Հայաստանի արտգործնախարարության փոխանցմամբ՝ համատեղ հայտարարությունն ընթերցվել է ՄԱԿ-ի Ժնևի գրասենյակում Ֆրանսիայի մշտական ներկայացուցչության կողմից։

Հայտարարությունում նշվում է, որ հայ ազգաբնակչության զանգվածային տեղահանումն իրենց տներից տեղի է ունեցել Ադրբեջանի կողմից սեպտեմբերի 19-ին իրականացված ռազմական գործողության, ինչպես նաև Լաչինի միջանցքի՝ ինն ամիս շարունակվող արգելափակման հետևանքով։

Համատեղ հայտարարության հեղինակները համաձայնություն են հայտնել Մարդու իրավունքների հարցերով ՄԱԿ-ի բարձր հանձնակատար Վոլքեր Թյուրքի հետ, որ անհրաժեշտ է անհապաղ, անկախ և թափանցիկ հետաքննություն իրականացնել Լեռնային Ղարաբաղում գրանցված մարդու իրավունքների և միջազգային մարդասիրական իրավունքի խախտումների շուրջ։ Նրանք նաև համոզմունք են հայտնել, որ Բարձր հանձնակատարի գրասենյակը պետք է մշտադիտարկում իրականացնի Լեռնային Ղարաբաղում, հանդիպի Հայաստան տեղահանված փախստականների հետ և դրա մասին զեկուցի Մարդու իրավունքների խորհրդին։ Երկրները պատրաստակամություն են հայտնել դիտարկել Մարդու իրավունքների խորհրդում հետագա այլ քայլերի իրականացման հնարավորությունը։

Հայտարարությունը կոչ է անում Ադրբեջանին անհապաղ ստեղծել պայմաններ՝ կամավոր, անվտանգ, արժանապատիվ և մշտական վերադարձ ապահովելու այն անձանց համար, ովքեր կցանկանան վերադառնալ Լեռնային Ղարաբաղ, իրականացնել Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի ս.թ. սեպտեմբերի 22-ի միջանկյալ որոշման դրույթները, ինչպես նաև Արդարադատության միջազգային դատարանի 2021 թվականի դեկտեմբերի 7-ի, 2023-ի փետրվարի 22-ի և հուլիսի 6-ի որոշումները և երաշխավորել հայկական կրոնական և մշակութային ժառանգության պաշտպանությունը։

«Միջազգային առաքելությունների մուտքը Լեռնային Ղարաբաղ էական է օժանդակություն տրամադրելու, անկողմնակալ մշտադիտարկում իրականացնելու, ինչպես նաև մարդու իրավունքների իրավիճակին վերաբերող զեկույցներ կազմելու համար։

Հայաստանի և Ադրբեջանի ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը պետք է անվերապահորեն հարգվեն: Մենք մեծապես աջակցում ենք բոլոր կողմերի միջև երկխոսությանը՝ համապարփակ և տևական խաղաղություն հաստատելու համար», - նշված է հայտարարությունում։

Հայտարարությանը միացել են Հայաստանը, ԱՄՆ-ը, Ֆրանսիան, Գերմանիան, Բելգիան, Ավստրալիան, Ավստրիան, Իսպանիան, Կանադան, Կիպրոսը, Հունաստանը, Ճապոնիան, Միացյալ Թագավորությունը, Նիդերլանդները, Շվեդիան, Շվեյցարիան, Ուրուգվայը և ևս 17 երկրներ։

--00--ԼՀ