ԱՄՆ կոնգրեսականները և կրոնական կազմակերպությունները դատապարտել են ԱՀ-ում էթնիկ զտումները

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 6, 24News

1121353

ԱՄՆ մի շարք կոնգրեսականներ, ինչպես նաև իրավապաշտպան և կրոնական կազմակերպություններ Կապիտոլիումի բլրի վրա տեղի ունեցած միջոցառման ընթացքում դատապարտել են Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից իրականացված էթնիկ զտումը, ինչպես նաև ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմից պահանջել են պատասխանատվության ենթարկել Բաքվին։«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ միջոցառումը կազմակերպվել է Ամերիկայի հայ դատի հանձնախմբի, «Ի պաշտպանություն քրիստոնյաների», «Հանուն նահատակների» կազմակերպությունների համակարգմամբ։

Միջոցառմանը ելույթի ժամանակ ԱՄՆ ներկայացուցիչների պալատի անդամ Բրեդ Շերմանը երկրի կառավարությանը կոչ է արել հստակ քայլեր ձեռնարկել ԼՂ հայերի էթնիկ զտման համար Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ։

«Այժմ Ադրբեջանի հաջորդ նպատակը Հայաստանը նվաճելն է», - ասել է Շերմանը։

Կոնգրեսական Ֆրենկ Փալոնը ևս համոզմունք է հայտնել, որ Բաքվի հաջորդ թիրախը Հայաստանն է։

«Ես բացարձակապես որևէ կասկած չունեմ, որ այստեղ նպատակը ոչ միայն Արցախը, այլև Հայաստանը քարտեզից ջնջելն է։ Դա է նպատակը։ Ցանկացած ոք, ով այլ կերպ է մտածում, իմ կարծիքով՝ ինքնախաբեությամբ է զբաղվում», - ասել է Փալոնը։

Իսկ կոնգրեսական Քրիս Սմիթը նշել է, որ Ալիևը պետք է մարդկության դեմ հանցագործությունների համար կանգնի քրեական դատարանի առջև, իսկ ԱՄՆ-ն պետք է լուրջ պատժամիջոցներ սահմանի Ալիևի և նրա շրջապատի նկատմամբ։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ