Հնդիկները երկաթե և փայտե ձողերով իրար են հարվածել, վնասել են նաև Kia մակնիշի ավտոմեքենան

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 20, 24News

գկ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ սեպտեմբերի 19-ին Երևանում հնդիկների մասնակցությամբ հերթական ծեծկռտուքը և գույքի վնասման դեպքն է տեղի ունեցել։

Այդ օրը՝ ժամը 01։45-ի սահմաններում, ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել Հնդկաստանի Հանրապետության քաղաքացի 23-ամյա Շարմա Ա․-ից, ով հայտնել է, որ Հասրաթյան փողոցի 29/8 հասցեում հնդիկ քաղաքացիները «իրար սպանում են» և կարիք կա շտպօգնության բժիշկների։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ահազանգի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Կարեն Բունիաթյանի, բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Արկադի Սահակյանի և նույն բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ Գևորգ Պողոսյանի գլխավորությամբ։

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի գլխավորությամբ։

Պարզվել է, որ նշված հասցեում վիճաբանություն է տեղի ունեցել մի խումբ հնդիկների միջև, ովքեր այնուհետև ձեռքերին եղած երկաթե և փայտե ձողերով ոչ միայն փոխադարձ հարվածներ են հասցրել, այլև վնասել են Kia մակնիշի ավտոմեքենան։

Ոստիկաններին և պարեկներին հաջողվել է նշված վայրից Ոստիկանության Մաշտոցի բաժին տեղափոխել Հնդկաստանի մի քանի քաղաքացիների, իսկ մի քանիսն էլ դիմել են փախուստի։

Դեպքի փաստով Ոստիկանության Մաշտոցի բաժնում ձևակերպվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժին։

Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցառումներ կռվի մասնակիցների ամբողջական ինքնությունը ճշտելու և նրանց հայտնաբերելու ուղղությամբ։

 

--00—ԱՊ