ԼՂ-ում ռազմական գործողությունները չեն ազդել հայ-ամերիկյան զորավարժության ժամանակացույցի վրա

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 20, 24News

ամ

ԱՄՆ զինծառայողները հայկական զորքերի հետ համատեղ զորավարժությունը կավարտեն սեպտեմբերի 20-ին, ինչպես և ի սկզբանե նախատեսված էր․ Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի ծավալած ռազմական գործողությունները չեն ազդել դրա ընթացքի վրա։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Reuters-ին հայտնել է ԱՄՆ զինված ուժերի ներկայացուցիչներից մեկը։

Նրա խոսքով՝ «Արծիվ գործընկեր-2023» տասնօրյա զորավարժությունների ժամանակացույցում փոփոխություններ չեն եղել։

«Մենք տեղյակ էինք, որ նրանք (խմբ․՝ Ադրբեջանը) գործողություններ են իրականացնում, բայց չհամարեցինք, որ այդ պահին դրանք որևէ վտանգ են ներկայացնում մեր զինվորների համար, հետևաբար, նրանք մնացին մինչև զորավարժության ավարտը», - հայտարարել է ԱՄՆ զինված ուժերի ներկայացուցիչը։

Ըստ Հայաստանի պաշտպանության նախարարության հայտարարության՝ միջազգային Խաղաղապահ առաքելություններում մասնակցության նախապատրաստման շրջանակում սեպտեմբերի 11-20-ը Հայաստանում անցկացվել է «Արծիվ գործընկեր-2023» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունը, որի նպատակն էր բարձրացնել միջազգային խաղաղապահ առաքելությունների մասնակցող ստորաբաժանման փոխգործակցելիության մակարդակը խաղաղապահ գործողությունների շրջանակում։

 --ԼՀ--