Արմավիրում բենզալցակայանի գործունեությունը դադարեցվել է, Կոտայքի մարզում գազալցակայանինը՝ կասեցվել

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 15, 24News

գազ

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի հանձնարարագրի հիման վրա տեսչական մարմնի Արմավիրի և Կոտայքի տարածքային ստորաբաժանումների մասնագետները հրդեհատեխնիկական հետազոտություն են իրականացրել Արմավիրի մարզի գ. Արագած հասցեում «Սերգեյ Մովսիսյան» ԱՁ-ի կողմից շահագործվող բենզալցակայանի և Կոտայքի մարզի Վերին Պտղնի, Սևան-Երևան մայրուղի, թիվ 14 հասցեում «Սի Փի Էս ԷՆԵՐՋԻ ԳՐՈՒՊ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից շահագործվող հեղուկացված ածխաջրածնային գազով լցակայանի (գազալցակայանի) նկատմամբ։ Այդ մասին հայտնում են ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնից:

Հետազոտության արդյունքում արտադրական վտանգավոր օբյեկտներում հայտնաբերվել էին հրդեհային անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջների այնպիսի խախտումներ, որոնք կարող էին անմիջական սպառնալիք ներկայացնել մարդկանց կյանքի, առողջության և անվտանգության համար: 

Ելնելով վերոգրյալից՝ ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմի ղեկավարի կողմից կայացրած որոշմամբ դադարեցվել է Արմավիրի մարզի գ. Արագած հասցեում շահագործվող բենզալցակայանի գործունեությունը, և տնտեսվարողի առջև պահեստարաններում առկա վառելիքն անհապաղ չեզոքացնելու պահանջ է դրվել։ Տեսչական մարմնի կողմից իրականացված բացատրական աշխատանքներից հետո տնտեսվարողի կողմից բենզալցակայանն ապամոնտաժվել է։ 

ՏՄ ղեկավարի մեկ այլ որոշմամբ էլ Կոտայքի մարզի Վ. Պտղնի, Սևան-Երևան մայրուղի, թիվ 14 հասցեում շահագործվող գազալցակայանի գործունեությունը կասեցվել է՝ մինչև կարգադրագրով սահմանված խախտումների վերացումը։ 

--00—ԼՀ