Արցախն ու Հայաստանը՝ նոր հետևությունների և լուծումների շեմին. Վահե Հովհաննիսյան

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 11, 24News

8f1f92816c59b4027c9fd47ff2dc9fbb_M

Երկարատև արձակուրդից հետո վերսկսված ՀՀ ԱԺ նստաշրջանը կոնկրետ, փաստացի ապացույցն է այն բանի, որ այսօր Արցախը Հայաստանի հետ որևէ քաղաքական կապ չունի։ Այս մասին իր հոդվածում գրել է «Այլընտրանքային նախագծեր» խմբի համահիմնադիր Վահե Հովհաննիսյանը:

«Ծայրահեղ շրջափակման մեջ գտնվող Արցախում, ժամերի ընթացքում փոխվող իրավիճակի, ճանապարհային պատերազմի պայմաններում, նիստը սկսել ՔՊ-ի հանդարտ օրակարգով իհարկե, խայտառակություն է։ Բայց մյուս կողմից սա պարտադրում է Արցախի իշխանություններին և միջազգային հանրությանը՝ փնտրել նոր միջանկյալ լուծումներ, որոնք կապահովի Արցախի անվտանգությունը, խաղաղ ու արժանապատիվ ապրելու միջավայրը և հնարավորություններ կստեղծեն երկարատև լուծումներ գտնելու համար։

Այս լուծումների մշակման և ներդրման պրոցեսին պետք է լուրջ և ծանրակշիռ ներդրում ունենա հայաստանյան իրոք մտահոգ, ռացիոնալ հանրությունը և հայկական աշխարհի ազդեցիկ շրջանակներն ու անհատները, որովհետև Հայաստանը և հայ ժողովուրդը ամենևին էլ Հայաստանի խորհրդարանը չեն։ Սա շատ կարևոր շրջափուլ է։

Մյուս կողմից, թշնամու զորքի խոշոր կուտակումների և Նիկոլի «հեռախոսային դիվանագիտության» ծայրահեղ վտանգավոր փուլում, հայ-ռուսական հարաբերությունների սրման պիկին, երբ մեր իսկ կոպիտ սխալների շնորհիվ Էրդողանն արդեն միջնորդի (կամ նայողի) դեր է ստանձնում տարածաշրջանում, ՀՀ ԱԺ-ն ոչ մի առնչություն չի ցուցաբերում իրական օրակարգին։ Այս դեպքում էլ ծագում է հարց՝ ո՞ւմ է ներկայացնում այս ԱԺ-ն, ի՞նչ կապ ունի այն հենց Հայաստանի հետ»։

--00—ՅՄ