Հայ Առաքելական Եկեղեցին տոնում է Մարիամ Աստվածածնի վերափոխման տոնը, Սուրբ Պատարագ կմատուցվի

ԵՐԵՎԱՆ,  ՕԳՈՍՏՈՍԻ 13, 24News

ՎԱ

Այսօր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնում է Մարիամ Աստվածածնի վերափոխման տոնը։

ԱՀԹ-ի բոլոր եկեղեցիներում տոնական Սուրբ Պատարագը կմատուցվի 11:00-ին:

Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հինգ տաղավար տոներից չորրորդն է և Տիրամորը նվիրված տոներից ամենահինը։

Երբ Փրկչի համբարձումից անցավ տասներկու տարի և երբ սուրբ Կույսն արդեն պետք է փոխվեր այս մարմնավոր կյանքից, վերափոխումից երեսուն օր առաջ նրա մոտ եկավ Գաբրիել հրեշտակապետը՝ նա, ով հղության ավետիսն էր տվել նրան, այս անգամ տալով Կույսին երկրից երկինք փոխման ավետիսը:

Երբ սուրբ Կույսն աղոթում էր իր սենյակում, եկավ Գաբրիելը, ողջունեց ու կանչեց նրան Ձիթենյաց լեռ, ուր սուրբ Կույսը սովորաբար գնում էր աղոթելու: Կույսը գնաց և ծնրադրելով աղոթեց այն տեղում, որտեղից Փրկիչը համբարձվեց, և լեռան վրա եղող բոլոր տունկերը խոնարհվեցին ու երկրպագեցին նրան: Այդտեղ նրան դարձյալ երևաց հրեշտակն ու ողջունեց՝ ասելով. «Մա՜յր սրբության և առագա՜ստ երանության, տաճա՜ր խնդության և քաղա՜ք թագավորության, մարդկային ցեղի ճանապա՜րհ դեպի Քրիստոս, հասել է քո ժամանակը՝ փոխվելու այս աշխարհից առ Աստված: Նա, քո Տերը՝ Միածին Որդին, Ով մարդկանցից քեզ ընտրեց Իրեն մայր և ամբողջ աշխարհի փրկանքը լինելու համար, այսօր հաճեց քեզ փառքով աշխարհից դեպի անքննելի փառքը փոխադրել»:

 Ապա հայտնեց, որ լրացել է օտարության մեջ նրա պանդխտության ժամանակը, և այժմ պահն է գնալու դեպի իր հայրենի ժառանգությունը: Ասաց նաև, որ Տիրուհին չի մնալու մահվան գավառում, քանզի անմահ կյանքի արժանացավ, վերջացան նրա չարչարանքներն ու լրացան տառապանքները, անցնելու են տրտմություններն, ու մոտ է ուրախությունը: Հանգիստը պատրաստ է, լույսի խորանը՝ կազմված, փառքի աթոռը՝ հարդարված: Արդ՝ պետք է գնալ ու հանգստանալ բազում չարչարանքներից և վայելել այն փառքը, որ աշխարհի ստեղծումից առաջ կար:

 Ապա, տասնչորս օր անց, կրկին եկավ Գաբրիել հրեշտակապետը և կրկին Տիրուհուն ավետեց Աստծու մոտ փոխվելու մասին, ինչից բերկրեց Մարիամը, և զվարճացավ նրա հոգին: Նա շրջում էր բոլոր տնօրինական վայրերում ու աղոթում: Ապա, ևս տասներկու օր անց, երրորդ անգամ եկավ Գաբրիելը և դարձյալ խորնարհվելով տիրածին Կույսի առջև՝ ասաց. «Ուրախացի՜ր, բերկրյալդ կանանց մեջ, քանզի քեզ կանչում է մեր Արարիչը, քո Միածին Որդին», և նրան տվեց բրաբիոնի մի պսակ, որը հյուսել և բերել էր Ադամի Դրախտից, և այն դրեց սուրբ Աստվածածնի գլխին, որպեսզի առաքյալները և իմաստուն սուրբ կույսերը դա տեսնելով օրհնեն Աստծուն:

Խաղողօրհնեք

Սուրբ Մարիամ Աստվածածնի վերափոխման տոնը կենցաղում առավել հայտնի է «Խաղողօրհնեք» և «Աստվածածին» անուններով: Աստվածամոր վերափոխման տոնակատարության օրը, Ս. Պատարագից անմիջապես հետո տեղի է ունենում Խաղողօրհնեք: Խաղողօրհնեքի ընթացքում եկեղեցում երգվում է «Փառք սուրբ խաչի» շարականը, կարդացվում է Սուրբ Գրքից հատվածներ, որոնց հաջորդում է խաղողի օրհնության համար գրված Սբ. Ներսես Շնորհալու աղոթքը: Աղոթքում հիշատակվում է, թե Աստված երրորդ օրը ստեղծեց բուսականությունը, ապա Ադամին ու Եվային պարգևեց դրախտի դյուրին ու ճոխ կյանքը: Բայց նրանք, օրինազանց գտնվելով, դրախտից արտաքսվեցին, իսկ Աստվածային օրհնությունը փոխվեց անեծքի: Սակայն Աստված մարդուն չանտեսեց. Միածնի աշխարհ գալով, անեծքի կապանքը վերացավ, և մարդիկ ձերբազատվեցին մեղքի ու մահվան ծառայությունից։

 --00—ԱՊ