Հայ Առաքելական եկեղեցին տոնում է 5 տաղավար տոներից 4-րդը՝ Խաղողօրհնեքը

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 15, 24News

նկար

Օգոստոսի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին նշում է Խաղողօրհնեքը` Սբ. Մարիամ Աստվածածնի Վերափոխման տոնը: Այն Հայ Առաքելական եկեղեցու 5 տաղավար տոներից 4-րդն է։ Առհասարակ տոնը նշվում է օգոստոսի 15-ի մերձակա կիրակի օրը:

Ավանդության համաձայն՝ Ս. Կույսը Հիսուս Քրիստոսի խաչելությունից հետո ապրել է Երուսաղեմում; Հովհաննես Ավետարանչի խնամատարության ներքո։ Շուրջ 12 տարի Աստվածամայրը պահքով այցելել է իր սիրասուն Որդու գերեզմանն ու անդադար աղոթել։ Այդ այցելություններից մեկի ժամանակ էլ նրան է հայտնվել Գաբրիել հրեշտակապետն ու ավետել Տիրամոր՝ երկրային աշխարհից Վերին Երուսաղեմ վերափոխվելու լուրը։

Ըստ ավանդության՝ Քրիստոսի համբարձումից որոշ ժամանակ անց Գաբրիել հրեշտակն այցելել է Աստվածածնին և հաղորդել, որ շուտով նա վերստին կհանդիպի իր Որդուն։ Սուրբ Մարիամը բարձրացել է Ձիթենյաց լեռը, որտեղից համբարձվել էր Որդին, աղոթել է, ապա կանչել բարեկամներին և հրաժեշտ տվել։ Այդ գիշեր նրա հոգին բաժանվել է մարմնից։

Տոնի առթիվ այսօր եկեղեցիներում կմատուցվի պատարագ, որից հետո խաղողը կօրհնվի։ Աստվածածնի վերափոխման տոնին հաջորդող օրը մեռելոց է՝ անմահության ավետիսը տանում են ննջեցյալների շիրիմներին։

--00—ԼՄ