Հայտնաբերվել է թույլատրելի առավելագույն զանգվածը գերազանցած 12 տրանսպորտային միջոց

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 20, 24News

01f5a335-efea-4256-9fd6-c900657bc9c9.jpg

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը շարժական կշեռքներով վերահսկողություն է իրականացրել Արմավիրի մարզի տարածքով անցնող ՀՀ ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներով բեռնափոխադրում իրականացնող ծանրաքաշ տրանսպորտային միջոցների նկատմամբ։

Ըստ այդմ՝ տրանսպորտային անվտանգության վարչության մասնագետները դիտարկումների և վերահսկողության արդյունքում հայտնաբերել են ՀՀ ավտոմոբիլային ճանապարհներով թույլատրելի առավելագույն զանգվածը գերազանցած 12 տրանսպորտային միջոց։

Դրանցից 9-ը թույլատրելի 32-40 տոննա առավելագույն զանգվածը գերազանցել է 15-27 տոննայով, 2-ը գերազանցել է 1-ից 9 տոննայով։

Դիտարկված մեկ տրանսպորտային միջոց կատարել է թույլատրելի առավելագույն 40 տոննան ավելի քան 57 տոննա զանգվածով գերազանցած բեռնափոխադրում։

Հայտնաբերված իրավախախտ տրանսպորտային միջոցների նկատմամբ կազմվել են համապատասխան արձանագրություններ։

Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի համաձայն՝ մինչև մեկ տոննա և ավելի յուրաքանչյուր տոննայի համար նախատեսված է տուգանք՝ նվազագույն աշխատավարձի 200-ապատիկի չափով:

Տեսչական մարմինը հանրապետության ամբողջ տարածքում շարունակելու է անշարժ և շարժական կշեռքներով բեռնափոխադրումներ իրականացնող իրավաբանական և ֆիզիկական անձանց նկատմամբ վերահսկողական աշխատանքները։

--00--ԶՀ