Վանաձորում տրանսպորտային միջոցների և տաքսիների գործունեությունում խախտումներ չեն գրանցվել

ԵՐԵՎԱՆ, ՀՈւԼԻՍԻ 22, 24News

ոստիկանություն

Հուլիսի 22-ին Covid-19 համավարակի տարածումը կանխարգելելու նպատակով ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի Լոռու մարզի տրանսպորտի անվտանգության մասնագետները խստացված ռեժիմով վերահսկողություն են կատարել մարզի տարբեր համայնքներում։ Այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ կառավարությունը։

«Մասնավորապես՝ Վանաձոր քաղաքում ՀՀ ոստիկանության կարգախմբերի հետ համատեղ իրականացված վերահսկողական գործառույթների ընթացքում միջմարզային, ներմարզային և ներքաղաքային կանոնավոր երթուղիները սպասարկող տրանսպորտային միջոցներում, ինչպես նաև մարդատար տաքսի ավտոմոբիլներում իրավախախտումներ չեն արձանագրվել։

ՏՄ մասնագետների դիտարկման ընթացքում տրվել են որոշ ցուցումներ և պարզաբանումներ, մասնավորապես հորդորել են միկրոավտոբուսներում հնարավորինս բացառել վարորդի անմիջապես կողքին ուղևորի նստեցումը, եթե ուղեսրահում առկա են ազատ նստատեղեր։

Նշենք նաև, որ Վանաձոր քաղաքի Բազում, Խնձորուտ թաղամասերի և Քիմիական գործարանի հարակից տարածքների վերջնականգառներում, ինչպես նաև մարզի տարբեր համայնքներում Տեսչական մարմնի աշխատակիցների կողմից հանրային տրանսպորտում անվտանգության կանոնների պահպանման նպատակով՝ վարորդների և ուղևորների շրջանում կատարվել են լայնածավալ կանխարգելիչ միջոցառումներ, նրանց տրվել են իրազեկող թերթիկներ, իրականացվել բացատրական աշխատանքներ՝ ՀՀ պարետի որոշմամբ նախատեսված անվտանգության կանոններին խստագույնս հետևելու և պահպանելու նպատակով:

ՀՀ ամբողջ տարածքում ՔՏՀԱՏՄ-ն շարունակում է իրականացնել ակտիվ մշտադիտարկման և վերահսկողական աշխատանքները»,- ասված է հաղորդագրության մեջ:

--00—ԼՄ