Երասխում կրակելով՝ Բաքուն և Անկարան սեղմում են օղակը. ՌԴ-ին փորձում են հանել Հարավային Կովկասից

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 14, 24News

Ադրբեջանը բանակցությունների, կարևոր իրադարձությունների ժամանակ սրում է իրավիճակը, Ալիևը Թուրքիայի հետ փորձում է պարտադրանքի լեզվով խոսել։ Նրանք շարունակելու են օղակը սեղմել Արցախի և Հայաստանի շուրջ՝ նպատակ ունենալով տարածաշրջանային ապաշրջափակման ներքո Սյունիքով ստանալ միջանցք: Նրանց հեռահար նպատակը Արցախի հայաթափումն է, եթե իշխանությունը կարծում է, թե Արցախի հայաթափմամբ կանգ կառնեն, սխալվում են, թուրք-ադրբեջանական տանդեմի հեռահար նպատակը Հայաատանի ոչնչացումն է: Այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը՝ անդրադառնալով Երասխում ադրբեջանցիների կողմից կրակոցներին և երկու վիրավորի դեպքին:

Խոսելով Էրդողանի՝ Բաքվում արած այն հայտարարության մասին, որ Շուշիում պատրաստ են հյուպատոսություն բացել, Օհանյանը նկատեց, որ նման հայտարարություններից հետո Փաշինյանը պետք է մտածի, որ ժողովրդավարությունը կամ կեղծ խաղաղության օրակարգը ոչինչ չի տալիս, Թուրքիան իր քաղաքականությունից չի հրաժարվելու:

«Փաշինյանին թվում եր, որ Թուրքիայում բաց ձեռքերով մեծ խոնարհումով իրեն ընդունելու են, բայց բանի տեղ չդրեցին: Շուշիում հյուպատոսության բացումը, ավելի վաղ՝ Շուշիի հռչակագիրը վատ հետևանքներ են ունենալու: Հյուպատոսություն բացելով՝ Թուրքիան Հարավային Կովկասում երկրորդ ներկայությունն է ապահովում: Առաջինը՝ Նախիջևանում ԶՈւ ձևավորեցին և Աղդամում համատեղ կետ բացեցին, հիմա էլ Արցախում են հաստատվում, այն ազդակ է Հայաստանին, որ իրենց ներկայությունը Շուշիում մշտական է և շարունակելու են սադրանքները, իշխանությունը չպետք է մտնի թուրք- ադրբեջանական խորամանկության մեջ: Իշխանությունը չի հասկանում, որ իրենց անունները դաջվելու են բոլոր թղթերում, «կադաստրի» թղթում ևս, որ իրենց ղեկավարման ժամանակ Արցախը տվեցին»:

Օհանյանի խոսքով, աշխարհի խոշոր կենտրոնները փորձում են ՌԴ-ին դուրս մղել տարածաշրջանից, որին մասնակցում է թուրք-ադրբեջանական տանդեմը. «Արևմուտքը ոգևորում, «կուտ»է տալիս Փաշինյանին, որ այդ գործընթացը շարունակեն և Ռուսաստանին դուրս մղեն, բայց հողի վրա Հայաստանում ու Արցախում ռուսական զորքն է»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Հերմինե Միքայելյան

--00—ԱՊ