Մենք պետք է պատասխանատվության ենթարկենք Ադրբեջանին իր ագրեսիայի համար․ ԱՄՆ կոնգրեսական

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 20, 24News

aa0c9768-be93-4c69-b9bd-3bcf5c07c3f4.jpg

Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման նպատակը մեկն է՝ կյանքն անհնար դարձնելու համար պայմաններ ստեղծելու եղանակով ստիպել Արցախի էթնիկ հայերին հեռանալ իրենց հայրենիքից։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ԱՄՆ Կոնգրեսում Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցի առիթով կազմակերպված միջոցառման ժամանակ այս մասին ասել է ԱՄՆ կոնգրեսական Քեթի Փորթերը։

«Մեր պատասխանը դրան նույնպես պետք է հստակ լինի։ Մենք պետք է Ադրբեջանին պատասխանատվության ենթարկենք իր ագրեսիայի համար։ Մենք նաև պետք է ճնշում գործադրենք, որպեսզի Բայդենի ադմինիստրացիան պրոակտիվ լինի և քայլեր ձեռնարկի այս շրջափակումը վերացնելու համար։ Ամերիկացի հարկատուները չպետք է հովանավորեն Ադրբեջանի թշնամանքը հայ ժողովրդի դեմ։ Այնքան ժամանակ, որքան շարունակվելու է ագրեսիան, Ադրբեջանը չպետք է ստանա որևէ ռազմական աջակցություն»,- նշել է Փերին։

Ադրբեջանը 2022 թվականի դեկտեմբերից արգելափակել է Լաչինի միջանցքը, որն Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհն է։ Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակումը շարունակվում է մինչ օրս՝ չնայած Արդարադատության միջազգային դատարանի որոշմանը, որ Ադրբեջանը պարտավոր է դադարեցնել միջանցքի արգելափակումը և ապահովել միջանցքով տրանսպորտային միջոցների և մարդկանց ազատ տեղաշարժը։ 

--00—ԶՀ