Բաքվի կողմից կաշառվելու համար Տոյվո Կլաարի նման պաշտոնյաները նստած են բանտում. միջազգայնագետ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 9, 24News

Ոչ բարձր տրամաչափի եվրոպացի որոշ պաշտոնյաներ պարզվեց այնքան անլուրջ են, որ ՀՀ-ում ամպագոռգոռ հայտարարություններ են անում, հետո գնում են Բաքու, դառնում են փիսիկ, Ադրբեջանն ինչ ասում է՝ գլուխները կախ հաստատում են, քանի որ Ալիևը Եվրոպային գազ չի տա: Այս մասին 24TV-ի հաղորդման ժամանակ ասաց միջազգայնագետ Գրիգոր Բալասանյանը:

«ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը և ԱՄՆ Պետդեպարտամենտի ավագ խորհրդական Լուիս (Լու) Բոնոն ցույց տվեցին, որ Արևմուտքը չի ուզում Ստեփանակերտ-Բաքու երկխոսության պարտավորության մեջ մտնել: Տպավորություն է, որ նրանց գլխավոր խնդիրը խանգարելն է, դրա համար Արևմուտքը չի էլ մտնելու Ադրբեջան-Արցախ բանակցության մեջ, այլ ասելու է՝ դա իմ պատասխանատվության գոտին չէ, ես նոյեմբերի 9-ի փաստաթղթի տակ չեմ ստորագրել, կամ Ադրբեջանը դեմ է և այլ պատճառաբանություններ կներկայացնի»,- ավելացրեց նա:

Բալասանյանի կարծիքով, Լուիս Բոնոն, ասելով, թե Ադրբեջանի դեմ պատժամիջոցների կիրառումը չի կարող գործին օգնել, կանաչ լույս վառեց Ադրբեջանի համար, որպեսզի Հաագայի որոշումը չկատարի: Ըստ նրա՝ դատարանի որոշումից անցել է արդեն երկու շաբաթ, իմաստ չկա, որ այնտեղ փաստահավաք խումբ գնա, հատկապես՝ երբ դա իրենց պատասխանատվության գոտին չէ:

Անդրդադառնլով Կլաարի երեկվա հայտարարությանը, որ իրենք չեն ցանկանում, որ Լաչինի ճանապարհով լարվածությունն ավելացնող բեռներ տեղափոխվեն և որ այն օգտագործվի որևէ ռազմական կամ անօրինական նպատակներով, Բալասանյանը նշեց, որ վերջինս իր հայտարարություններում հակասում է ինքն իրեն. «Քանի՞ կիլոգրամ խավիար կամ ադրբեջանական խալի են տվել Տոյվո Կլաարին, որ իր դիրքորոշումները 180 աստիճանով կտրուկ փոխում է, պետք է Եվրոպայի հայ համայնքը պարզի ու քրգործեր հարուցվի, ինչպես որ շատ եվրոպացի պաշտոնյաներ են ադրբեջանցիների կողմից կաշառվելու համար բանտում նստած: Կլաարի նման պաշտոնյաներին ԱԳՆ վարչության պետից վերև պաշտոնյա իմաստ չունի ընդունել, նա անլուրջ մարդ է, նաև պետնախարարը Բեգլարյանը քննադատեց նրան:

Իսկ ինչ վերաբերում է Կլաարի ասած այն մտքին, որ Փաշինյանը պարտավորություններ ունի, ապա Սահմանադրության համաձայն՝ Փաշինյանը պարտավորություններ ունի միայն ՀՀ քաղաքացիների առջև՝ նրանց անվտանգություններն ապահովելու համար, իսկ եթե այլ պարտավորություններ կան, թող ասի՝ որոնք են, պետք է բացատրություն տա»,- ընդգծեց Բալասանյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Հերմինե Միքայելյան

--00—ԱՊ