Արևմուտքը մեզ Ուկրաինայի պես ուզում է մսաղաց ուղարկել ու արնաքամ անել. միջազգայնագետ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 16, 24News

Բրյուսելի հայտարարության համաձայն՝ ՀՀ-ն Արցախը ճանաչում է Ադրբեջանի կազմում, այլ հարց է՝ այդ փաստաթուղթը կստորագրվի, թե ոչ, համոզմունք ունեմ, որ այդ տեսքով պայմանագիրը չի ստորագրվելու: Եթե Վաշինգտոնը վստահ լիներ, որ այդ պայմանագիրը ստորագրվելու է , նա չէր զիջի Բրյուսելին և դափնիները տար նրանց: Բացի այդ, այս պայմանագիրը չի կարող ստորագրվել առանց տարածաշրջանի գերտերությունների կոնսենսուսի, իսկ ՌԴ-ին և Իրանին ձեռնտու չէ, քանի որ ըստ համաձայնագրի՝ խաղաղապահները պետք է դուրս գան, իսկ Իրանին ձեռնտու չէ, քանի որ Սյունիքում սահմանային փոփոխություններ են լինելու: Այս մասին 24TV-ի հաղորդման ժամանակ ասաց միջազգայնագետ Գրիգոր Բալասանյանը:

Բալասանյանի խոսքով, Արևմուտքին հետաքրքիր չէ, թե ինչ կլինի արցախահայության հետ, իրենց պետք է մի փաստաթուղթ, որի միջոցով ռուս խաղաղապահներն այստեղից դուրս կգան, որին հաջորդելու է ՀԱՊԿ-ից ու ԵԱՏՄ-ից դուրս գալը, ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը գերակա համարելը՝ տանելով մեզ Մոլդովայի ճանապարհով:

«Ուկրաինան արնաքամ է լինում, բայց դեռ ՆԱՏՕ չեն ընդունում, ի՞նչ այլ անվտանգային համակարգի մեջ ինտեգրվելու մասին են խոսում, ուկրաինացիներին տարան մսաղաց, հիմա նույնը մեզ հետ են ուզում անել: ԱՄՆ-ն ու Եվրոպան այսօր հայ-ադրբեջանական հարաբերություններում «սաբաբություն» են անում, ոչ ավելին, նրանք չեն ցանկանում պատասխանատվություն վերցնել իրենց վրա, նրանց չի հետաքրքրում, թե ինչ է լինելու Արցախի վիճակը, իրենց պետք է ստորագրել պայմանագիր, որով ռուսներին այստեղից կհանեն ու տարածաշրջանը սկուտեղի վրա կհանձնեն Թուրքիային՝ որպես նվեր նոր ընտրություններին»,- ավելացրեց նա:

Մանրամասները՝ տեսանյութում:

Հերմինե Միքայելյան

--00—ԱՊ