ԵԽ փորձագետները ԱԺ-ում քննարկել են մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի հարցերը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 16, 24News

 

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Բաքոյանը, հանձնաժողովի անդամներ Մարինա Ղազարյանը եւ Տիգրան Պարսիլյանն ապրիլի 16-ին հանդիպել են Եվրոպայի խորհրդի՝ Մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի հարցերով փորձագետների խմբի  (GRETA) հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են թրաֆիքինգի կամ շահագործման ենթարկված անձանց իրավունքների պաշտպանությանը վերաբերող հարցեր:

Պատգամավորները ԵԽ փորձագետներին են ներկայացրել մեր երկրում թրաֆիքինգի դեմ պայքարին ուղղված օրենսդրական կարգավորումներն ու այդ ուղղությամբ նախատեսված անելիքները: Ռուստամ Բաքոյանն այս համատեքստում նշել է, որ «Մարդկանց թրաֆիքինգի կամ շահագործման ենթարկված անձանց նույնացման եւ աջակցության մասին» ՀՀ օրենքը ժամանակի ընթացքում մի քանի անգամ ենթարկվել է փոփոխությունների՝ ավելի արդյունավետ դարձնելով դրա կիրառումը:

Բացի այդ՝ Հայաստանը միացել է թրաֆիքինգի դեմ պայքարի հիմնական միջազգային կոնվենցիաներին, որոնց դրույթները տեղայնացնելու նպատակով իրականացվել են մի շարք օրենսդրական փոփոխություններ, ընդունվել են համապատասխան ենթաօրենսդրական նորմատիվային ակտեր, այդ թվում՝ օրենքների կիրարկումն ապահովող որոշումներ եւ կանոնակարգեր:

 

–00—ՍՊ