Առանց միջպետական սահմանի վերջնական հստակեցման, ցանկացած պայմանագիր անթույլատրելի է․ քաղաքագետ

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 17, 24News

Բ

Մինչև դելիմիտացիայի, դեմարկացիայի հարցերով հանձնաժողով չստեղծվի, և վերջնական միջպետական սահմանը չորոշվի, ցանկացած շրջանակային, ոչ շրջանակային, փաթեթային պայմանագրի ստորագրումն Ադրբեջանի հետ անթույլատրելի է, որովհետև այն որևէ հիմք չի ունենալու։ Այս մասին 24News-ին ասաց ԵՊՀ Միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ամբիոնի դասախոս, քաղաքական գիտությունների թեկնածու Գրիգոր Բալասանյանը։

Երեկ Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել էր Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու թեմային։ «Կա 2 մոտեցում՝ դետալացված մոտեցում և, այսպես ասած, «շրջանակային համաձայնագրի» մոդելի մոտեցում, երբ որ շրջանակն է գծվում առանց շատ մեծ կոնկրետությունների։ Փորձը ցույց է տալիս, որ եթե մենք շատ դետալացված հարցեր փորձենք լուծել, մենք կարող ենք դժվարություններ ունենալ։ Այս է պատճառը, որ Հայաստանի Հանրապետությունն առաջարկել է խաղաղության շրջանակային պայմանագիր ստորագրել», - ասել էր Փաշինյանը։

Ըստ ԵՊՀ Միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ամբիոնի դասախոս Գրիգոր Բալասանյանի՝ առանց դելիմիտացիայի և դեմարկացիայի վերաբերյալ պայմանագրի ստորագրման, այլ փաստաթղթի մասին անգամ քննարկումն Ադրբեջանի հետ անթույլատրելի է։ Բալասանյանի կարծիքով, նաև հաշվի առնելով այն, որ Ադրբեջանի համար «ԼՂ հակամարտությունը լուծված է, Ղարաբաղն Ադրբեջանի մաս է», ադրբեջանական կողմը չի գնա շրջանակային պայմանագրի ստորագրման։

«Նաև կարծում եմ, որ մենք էլ որևէ քայլ չպետք է անենք։ Սոչիում հայկական կողմը պայմանավորվածություն է ձեռք բերել, որ նաև ռուսական տարբերակով խաղաղության պայմանագիր ստորագրվի։ Այսինքն՝ այդ մասին մի քանի անգամ Փաշինյանն է ասել, որ «ռուսական կողմի առաջարկները մեզ ձեռնտու և ընդունելի են ՀՀ-ի համար»։

Հիմա Փաշինյանն ի՞նչ բանակցություններ է սկսում առանց Արցախի հարցի կամ առանց այլ հարցերի, սա ևս դառնում է տարօրինակ։ Հետևաբար, ցանկացած պայմանագիր, որը կքննարկվի, որի մասին կխոսվի առանց դեմարկացիայի և դելիմիտացիայի հանձնաժողովի եզրակացության և առանց միջպետական սահմանի վերջնական պարզման, անթույլատրելի է», - եզրափակեց Գրիգոր Բալասանյանը։

 

Սերգեյ Առաքելյան

--00—ԱՊ