Խաչատուրովի ձերբակալությունը հաղթանակած զինվորականներին արժեզրկելու հերթական արարն է. Բագրատ Սրբազան

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 21, 24News

Գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովն իմ ընկերն է ու եղբայրը, իր հետ ճանապարհ ենք անցել, Տավուշում Խաչատուրովի ներդրումն ու ձեռագիրը մեծ է։ Խաչատուրովի կողմից կորպուսի ղեկավարման շրջանում հայրենիքից ոչ մի թիզ չի նվազել, հակառակը՝ ընդլայնվել է: Այս մասին 24TV-ի հաղորդման ժամանակ ասաց Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը՝ անդրադառնալով 3-րդ բանակային կորպուսի նախկին հրամանատար Գրիգորի Խաչատուրովին ձերբակալելու գործընթացին:

«Տավուշյան մարտերի ժամանակ Գրիգորի Խաչատուրովի հաղթանակով իշխանությունն իր փառքն էր հյուսում, իշխանության ղեկին կանգնած մարդուն նույնիսկ մարտական մկրտություն էին վերագրում: Սա հաղթանակած զինվորականներին արատավորելու հերթական արարն է, հասարակության աչքին նսեմացնելու և արժեզրկելու գաղափար, որ բանակ չենք ունեցել, ինչպես որ բարբաջում են»,- ավելացրեց նա:

Անդրադառնալով Արցախում ստեղծված իրավիճակին՝ Սրբազանը նշեց, որ Արցախը հիմա ամբողջ հայության պատիվն է փրկում, որոշվում է մեր ապրելու իրավունքի և արժանապատվության հարցը, երկրում տեղի ունեցող լրջագույն խնդիրները և կորուստները՝ Արցախի շրջափակում, Սյունիքի ճանապարհների զիջումը, այդ բոլորը ներքին պառակտվածության ֆիզիկական արտահայտությունն են:

«Այլանդակ շքերթի մեջ ենք ապրում, բոլոր ոլորտներն արժեզրկվում են: Թշնամանքի մեծ աղետի մեջ ենք, հասարակությունը ներսից վնասվում, կողոպտվում է, պիտի ապաքինում բերել, իշխանությունը պետք է նպաստի հասարակության հաշտեցմանը, բայց խորացնում է ատելության մտնոլորտը»,-ավելացրեց սրբազանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Հերմինե Միքայելյան

--00—ԱՊ