Սուտ է, Թուրքիան Սպիտակի երկրաշարժի ժամանակ ոչ մի լումայով չօգնեց ՀՀ-ին, հիմա էլ նրանցից բան չսպասեք

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 16, 24News

Լ

Թուրքիան Հայաստանից ուղարկված հումանիտար օգնությունը կապեց քաղաքական օրակարգի հետ։ Այս մասին 24News-ին ասաց Միջինարևելյան ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն, թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանը՝ անդրադառնալով երեկ Անկարայում կայացած Միրզոյան-Չավուշօղլու համատեղ մամուլի ասուլիսին։

«Այն, որ Թուրքիան օգնություն է ուղարկել Հայաստանի Սպիտակի երկրաշարժի հետ կապված, սուտ է։ Երկրաշարժը որ եղավ, Թուրքիայում հայ համայնքն օգնություն հավաքեց, դիմեց կառավարությանը՝ ուղարկելու համար, իշխանությունը պատասխանեց, որ դա պետք է արվի Թուրքիայի Կարմիր մահիկի բեռնատարներով, որ թուրքական կառավարության անունից լինի օգնությունը։ Թուրքիան ոչ մի կոպեկ, լումա չունեցավ այդ օգնության մեջ։ Քանի որ թուրքական մեքենաներ մտան Հայաստան, հայ ժողովրդի մոտ տպավորություն եղավ, թե թուրքերն են ուղարկել։ Երբ որ հայերը 2-րդ անգամ էին հավաքել ու ցանկանում էին ուղարկել, Թուրքիայի իշխանությունը թույլ չտվեց»,- ընդգծեց թուրքագետը։

Միջինարևելյան ուսումնասիրությունների կենտրոնի տնօրենն ասաց, որ հայերը սպասում են, թե Թուրքիան դրական վերաբերմունք կունենա Հայաստանի նկատմամբ այս տարվա երկրաշարժից հետո ուղարկված օգնության համար․ «Այդպես չէ, ինչպես նախկինում, հիմա էլ Թուրքիան Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը կապում է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման հետ։ Մինչև այսօր նորմալ դիվանագիտական հարաբերություններ ստեղծելու մասին խոսք չի գնացել։ Իմիջիայլոց, սահմանը երկար ժամանակով չբացվեց, բացվեց զուտ օգնություն ուղարկելու համար։ Սահմանների ամբողջական բացման մասին չեն խոսում, խոսում են 3-րդ երկրների քաղաքացիների, այսինքն՝ ադրբեջանցիների համար սահմանները բացելու մասին»։

«Իսկ ի՞նչ օգուտ է տալու սահմանների բացումը Հայաստանին, ոչ մի։ Մենք ավելի շատ կորուստներ ենք ունենալու»,- ընդգծեց թուրքագետը։ Իսկ թե ինչ պետք է սպասել Թուրքիայից, ապա Լոքմագյոզյանն ասաց, որ «քաղցր խոսքեր»։ «Ոչ մի բան չենք կարող սպասել։ Թուրքիայից միայն կարող ենք քաղցր խոսքեր սպասել, կասեն՝ «հայերը մեզ օգնեցին»։ Թուրքիան 80 միլիոն է, 99․9 տոկոսը տեղյակ էլ չէ, թե Հայաստանն օգնել է Թուրքիան։ Մինչեւ հիմա էլ սեղմ տեղեկություններ են Թուրքիայում տվել հումանիտար օգնության մասին։

Չավուշօղլուն էլ եթե նույնիսկ խոսեց, շատ քիչ, քաղաքական նպատակների համար։ Եթե լսել եք, հայ փրկարարների ղեկավարը հարցազրույցում ասաց, որ թուրքերը զարմանում էին, որ հայերն օգնում են։ Նույնիսկ տվյալ տարածաշրջանի ժողովուրդը տեղյակ չէր, որ հայերն օգնում են, էլ ուր մնաց Թուրքիայի ամբողջ ժողովուրդն իմանար։ Թուրք հասարակության մեջ ոչինչ չի փոխվել, չի փոխվի, անգամ եթե իմանան Հայաստանն օգնել է։ Մի 2 քաղցր խոսքեր կլինեն, նույն քաղաքականությունը կշարունակվի։ Ինչպես 100 տարի առաջ սկսել են ծրագիրը, չի փոխվի։ Դա մեզնից կախված չէ, թուրքական ծրագիրն է, դիվանագիտական, քաղաքական տեսակետից փոփոխելու կարելիություն չունենք։ Միայն ուժով է հնարավոր, բայց դրա հնարավորությունն էլ չունենք»,- եզրափակեց թուրքագետը։

Երեկ ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Թուրքիայում հանդիպել էր իր թուրք գործընկեր Մեւլյութ Չավուշօղլուի հետ։ ԱԳ ղեկավարները նաև հանդես էին եկել համատեղ մամուլի ասուլիսներով։ 

Սերգեյ Առաքելյան

--00—ԱՊ